ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վաշինգտոնն ու Հելսինկին համաձայնագիր են ստորագրել Ֆինլանդիայում ամերիկյան ուժեր տեղակայելու մասին

Վաշինգտոնն ու Հելսինկին համաձայնագիր են ստորագրել Ֆինլանդիայում ամերիկյան ուժեր տեղակայելու մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտտի Հյակկյանենը պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն՝ ԱՄՆ-ը ռազմական ներկայություն կունենա հանրապետության տարածքում:

Փաստաթղթի բանակցություններն ընթացել են 2022 թվականի օգոստոսից: Այն պատրաստվել է ՆԱՏՕ-ի անդամների միջև ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրի հիման վրա:

Պայմանագրում ասվում է, որ ամերիկյան ռազմական ներկայությունը կամրապնդի ինչպես Ֆինլանդիայի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի հետևանքով Ֆինլանդիայում և Եվրոպայում անվտանգության պայմանների փոփոխությունը ևս մեկ անգամ ընդգծում է երկկողմ համագործակցության կարևորությունը»,- նշել են Ֆինլանդիայի ԱԳՆ-ից:

Հյակկյանենն ավելի վաղ հայտարարել էր, որ փաստաթղթի ստորագրումը «վերջակետ չէ, այլ նոր քայլ պաշտպանության ոլորտում է՛լ ավելի սերտ համագործակցության ճանապարհին»:

«Համաձայնագիրն արտացոլում է ԱՄՆ-ի հանձնառությունը Ֆինլանդիայի անվտանգության ապահովման հարցում և պայմաններ է ստեղծում ճգնաժամերի ժամանակ համագործակցության համար։ Ֆինլանդիան միայնակ չէ, որ պաշտպանում է իրեն, բայց դա անում է որպես ՆԱՏՕ-ի անդամ և Միացյալ Նահանգների հետ»,- նշել է նախարարը:

  • Կիսվել: