չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
 Ուլտրաաջերը հաղթել են Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում

Ուլտրաաջերը հաղթել են Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում

Աջ «Ազգային միավորումը» եւ նրա դաշնակից ուժերը հաղթել են Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով 33,4 տոկոս ձայն, տեղեկացրել է Parisien թերթը՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ տվյալներին։

«Ազգային միավորումը» եւ նրա դաշնակիցները ստացել են 33,4 տոկոս ձայն»,- գրել է թերթը։

Նշվել է, որ ձախ «Նոր ժողովրդական ճակատի» կոալիցիան երկրորդ տեղում է՝ 27,98 տոկոս ձայներով, նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան երրորդն է՝ 20,76 տոկոս։ Չորրորդը «Հանրապետականներն» են՝ 6,56 տոկոս, մյուս կուսակցությունները հավաքել են 3,67 տոկոս։

Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով «Ազգային միավորումից» ընտրվել է 39 պատգամավոր, «Նոր ժողովրդական ճակատից»՝ 32, Մակրոնի կոալիցիայից՝ երկու, «Հանրապետականներից»՝ մեկ, մյուս կուսակցություններից՝ երկու պատգամավոր։

Երկրորդ փուլի վճռական քվեարկությունը տեղի կունենա այս կիրակի՝ հուլիսի 7-ին։

  • Կիսվել: