ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուկրաինայում ավելի քան 760 միլիոն դոլարի ռուսական ակտիվներ են առգրավվել

Ուկրաինայում ավելի քան 760 միլիոն դոլարի ռուսական ակտիվներ են առգրավվել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում արդեն 765 միլիոն դոլարի ռուսական ակտիվներ են առգրավվել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ Զելենսկու գրասենյակի պաշտոնական կայքին հղումով։

«Այսօր հանդիպում եմ անցկացրել՝ նվիրված պատժամիջոցային քաղաքականությանն ու ռուսական ակտիվների առգրավմանը։ Ինչպես տեղեկացրել են պետական պաշտոնյաները, Ուկրաինայում արդեն առգրավվել է 28 միլիարդ գրիվնայի ակտիվ։ Այս աշխատանքը դեռ շարունակվում է», - ասվում է Զելենսկու գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ առաջարկվել է առգրավել նաև Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ավելի քան 900 օբյեկտ։

«Իսկ եթե գնահատենք ոչ միայն ահաբեկչական պետությանը, այլև դրա բնակիչներին պատկանող ունեցվածքը, ապա խոսքն առգրավման ենթակա 36 հազար միավորի մասին է», - նշել է Ուկրաինայի նախագահը։

  • Կիսվել: