շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Ուկրաինային տրամադրված F-16-ների մի մասը կտեղակայվի արտասահմանյան օդանավակայաններում

Ուկրաինային տրամադրված F-16-ների մի մասը կտեղակայվի արտասահմանյան օդանավակայաններում

Արեւմտյան գործընկերների կողմից Ուկրաինային տրամադրված F-16-ների մի մասը կտեղակայվի արտասահմանյան օդանավակայաններում, գրել է «Ազատություն» ռադիոյի ուկրաինական ծառայությունը՝ հղում կատարելով Ուկրաինայի ԶՈւ Օդային ուժերի հրամանատարության ավիացիայի պետ Սերգեյ Գոլուբցովին։

Գոլուբցովի խոսքով՝ արտասահմանում F-16-ների տեղակայումը թելադրված է դրանց անվտանգության ապահովման հարցով։

«Կան որոշակի քանակությամբ ինքնաթիռներ, որոնք կպահվեն անվտանգ ավիաբազաներում, ոչ Ուկրաինայում, որպեսզի այստեղ թիրախներ չլինեն։ Եվ սա կլինի մեր պահուստը անհրաժեշտության դեպքում անսարք ինքնաթիռներին փոխարինելու համար։ Այսինքն՝ այն բանի համար, որ մենք կարողանանք մշտապես օպերացիոն կազմում ունենալ որոշակի քանակությամբ ինքնաթիռներ, ինչը կհամապատասխանի օդաչուների թվին, որոնք մենք ունենք։ Կլինեն ավելի շատ օդաչուներ՝ կլինեն ավելի շատ ինքնաթիռներ Ուկրաինայում»,- նշել է նա։

 

Գոլուբցովը նաեւ հիշեցրել է, որ արդեն չորս երկրներ՝ Բելգիան, Դանիան, Նորվեգիան եւ Նիդեռլանդները, համաձայնել են Ուկրաինային հանձնել իրենց F-16 կործանիչները։ Խոսելով հանձնված ինքնաթիռների թվաքանակի մասին՝ նա նշել է, որ խոսքը 30-40 օդանավերի մասին է, բայց հետագայում դրանց թիվը կարող է ավելանալ, քանի որ «գրեթե բոլոր երկրները, որոնք F-16 ունեն, աստիճանաբար դրանք փոխարինում են F-35-ներով»։

«Պետք է հիշել, որ Ուկրաինային հանձնվելիք բոլոր ինքնաթիռները չէ, որ հիմա կգան Ուկրաինա։ Դրանց մի մասը կմնա այն կենտրոններում [արտասահմանում], որտեղ պատրաստում են մեր օդաչուներին եւ ավիացիոն անձնակազմին։ Դրանք կլինեն ուկրաինական ինքնաթիռներ, որոնք կօգտագործվեն մեր օդաչուներին պատրաստելու համար»,- ընդգծել է Գոլուբցովը։

  • Կիսվել: