Ուկրաինայի եւ Թուրքիայի արտգործնախարարները համաձայնեցրել են պատերազմը դադարեցնելու շուրջ քայլերը
Ուկրաինայի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Դմիտրի Կուլեբան եւ Մեւլյութ Չավուշօղլուն Անթալիայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմին վերջ տալու քայլերի շուրջ, հաղորդում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։
Կուլեբան «երախտագիտություն է հայտնել Թուրքիային՝ ուկրաինացի ժողովրդի դեմ Ռուսաստանի բարբարոսական պատերազմի ֆոնին քաղաքական եւ մարդասիրական աջակցության համար»։
Նախարարները քննարկել են Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված քայլերը։ Այս համատեքստում Կուլեբան շնորհակալություն է հայտնել Չավուշօղլուին Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպում կազմակերպելու նախաձեռնության համար։
Նա նախանշել է երեք հիմնական հարց՝ «հրադադարի անհապաղ դադարեցում, մարդասիրական իրավիճակի բարելավում Մարիուպոլում, Խարկովում, Սումիում եւ Ուկրաինայի այլ քաղաքներում, ռուսական զորքերի դուրսբերում»։
Կուլեբան Թուրքիային կոչ է արել շարունակել Մոսկվայի հետ աշխատանքը՝ դադարեցնելու Ուկրաինայում արյունահեղությունը։