Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՊՆ ղեկավարի հնարավոր փոփոխության եւ կառավարության վերադասավորման մասին
Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովին նշանակել ենթակառուցվածքի նախարարի պաշտոնում, որն այժմ զբաղեցնում է Ալեքսանդր Կուբրակովը։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրին, հայտնել է ուկրաինական «Цензор.нет» պարբերականի գլխավոր խմբագիր Յուրի Բուտուսովը։ Տեղեկությունը հաստատված չէ։
Բուտուսովը հավաստիացրել է, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը Կուբրակովի հրաժարականը պատրաստում է «այն ղեկավարների մաքրման շրջանակում, ովքեր իրավունք ունեն ինքնուրույն մտնել Զելենսկու մոտ, առանց Երմակի հետ համաձայնեցնելու»։ Թե ով կարող է դառնալ պաշտպանության նախարարի թեկնածու՝ առայժմ հայտնի չէ։
«Украинская правда»-ն իր հերթին գրել է Ալեքսանդր Կուբրակովի հրաժարականի մասին կառավարությունում սպասվող վերադասավորումների շրջանակում։ Պարբերականի տվյալներով՝ պատրաստվում են ազատել որոշ նախարարների եւ խոշորացնել մի քանի գերատեսչություններ։ Պարբերականի տեղեկացմամբ՝ քննարկվել է նաեւ փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի հրաժարականը, բայց որոշում չի կայացվել։