Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Գորլովկա քաղաքի բազմաբնակարան շենքին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Դոնեցկի Հանրապետության Գորլովկա քաղաքի Կալինինի շրջանի բնակելի զանգվածում գտնվող բազմաբնակարան շենքին: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։ Նա նշել է, որ տուժածներ չկան:
«Ուկրաինայի զինված կազմավորումների դրոնը հարված է հասցրել Գորլովկա քաղաքի Կալինինի շրջանի «Սոլնեչնի» բնակելի զանգվածի բազմաբնակարան շենքերից մեկին։ Վնասվել է կոմունալ ձեռնարկություններից մեկի ավտոտրանսպորտային միջոցը»,-գրել է քաղաքապետը:
Իր հերթին Դոնեցկի Հանրապետության` Ուկրաինայի ռազմական հանցագործությունների փաստագրման հարցերով համապատասխան կառույցն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ այսօր ուկրաինական զինված ուժերը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ բազմիցս հարձակվել են Գորլովկայի վրա: Մասնավորապես՝ Մոսկվայի ժամանակով ժամը 8.05-ից 13.00-ը քաղաքի ուղղությամբ արձակվել է 155 միլիմետր տրամաչափի 8 արկ և 6 կամիկաձե անօդաչու թռչող սարք:


