Ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհվել է Վոլգոգրադի մարզի Օկտյաբրսկի շրջանում գտնվող նավթամբարը
Վոլգոգրադի մարզի Օկտյաբրսկի շրջանում գտնվող նավթամբարը գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհվել է։ Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան, տեղեկացնում է Current Time-ը:
Ըստ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության՝ հունվարի 10-ի գիշերը և առավոտյան Ռուսաստանի տարածքում, Ղրիմում, ինչպես նաև Սև և Ազովյան ծովերի վրայով ընդհանուր առմամբ խոցվել է ուկրաինական 67 անօդաչու թռչող սարք։ Վոլգոգրադի մարզը չի նշվում հարձակման ենթարկված շրջանների ցանկում։
Իր հերթին «Ռոսավիացիա»-ի խոսնակը հայտնել է, որ Վոլգոգրադի, Գելենջիկի, Կրասնոդարի և Չեբոկսարի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ժամանման և մեկնման չվերթներում:
Աղբյուրը, հղում անելով նահանգապետ Գլադկովի սոցցանցային գրառմանը, հայտնում է նաև, որ Բելգորոդը և նրա արվարձանները երկու օր է՝ զրկված են ջրից, էլեկտրաէներգիայից և ջեռուցումից՝ էլեկտրական ենթակայանի վրա ուկրաինական հարվածից հետո:


