հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիայում տեղի է ունեցել «Համաս» խմբավորման ղեկավարների գաղտնի հանդիպումը

Թուրքիայում տեղի է ունեցել «Համաս» խմբավորման ղեկավարների գաղտնի հանդիպումը

Թուրքիայում տեղի է ունեցել «Համաս» խմբավորման ղեկավարների գաղտնի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է Kan իսրայելական հեռուստաալիքը, գրում է azatutyun.am-ը։

«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց է ճանաչվել:

Հեռուստաալիքի փոխանցմամբ, հանդիպման համար Լիբանանից Թուրքիա է ժամանել «Համաս»-ի քաղբյուրոյի անդամ Սալեհ ալ-Արուրին, իսկ Քաթարից՝ խմբի նախկին ղեկավար Խալիդ Մեշալը։

Անկարան երաշխավորել է այդ երկու ահաբեկիչների անվտանգությունը և հանդիպման գաղտնիությունը։

Դեմ առ դեմ հանդիպում անցկացնելու որոշումը պայմանավորված է առցանց բանակցություններին Իսրայելի հետախուզական ծառայությունների հնարավոր միջամտության մտավախությամբ:

Հանդիպման նպատակը կարող էր լինել Գազայի հատվածում Իսրայելի հետ պատերազմի հարցերի շուրջ դիրքորոշումների համաձայնեցումը։

Մասնակիցները, ենթադրաբար, կարող էին քննարկել հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման նոր գործարքի, ինչպես նաև Լիբանանի տարածքում «Համաս»-ի գործողությունների հնարավորությունը։

Ըստ Reuters-ի՝ դեկտեմբերի 17-ի դրությամբ «Համաս»-ի զինյալների հսկողության տակ են եղել 129 պատանդներ, այդ թվում՝ 19 կին և 2 երեխա։

«Համաս»-ին ենթարկվող Գազայի առողջապահության նախարարությունը պնդում է, որ իսրայելական հարվածների հետևանքով հոկտեմբերի 7-ից ի վեր սպանվել են ավելի քան 18 հազար 500 պաղեստինցիներ՝ մեծ մասը կանայք և երեխաներ։

Այդ տվյալների արժանահավատությունն ընթացող պատերազմի պայմաններում հնարավոր չէ ստուգել:

 

Իսրայելի կորուստների թիվը մոտ 1200 է, սակայն այդ տվյալը շաբաթներ շարունակ չի թարմացվել:

  • Կիսվել: