երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայում փրկարարները տան փլատակների տակ 2 մլն դոլար են հայտնաբերել

Թուրքիայում փրկարարները տան փլատակների տակ 2 մլն դոլար են հայտնաբերել

Թուրք փրկարարները որոնողական աշխատանքների ընթացքում երկրաշարժերից ամենաշատը տուժած Գազիանթեփ քաղաքի փլատակների տակ հայտնաբերել են մոտ 2 մլն դոլար։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները միջոցները փոխանցել են տեղի ոստիկանությանը։ Այս մասին ուրբաթ՝ փետրվարի 17-ին, հայտնում է Anadolu գործակալությունը։

Գումարը հայտնաբերվել է, երբ փրկարարները տղամարդու դին հայտնաբերել են Այշե-Մեհմեթ Փոլաթ բնակելի համալիրի փլատակների տակ։

«Տղամարդու կողքին եղել է ընդհանուր առմամբ 2 մլն դոլար, գումարը փրկարարները հանձնել են հատուկ ջոկատայիններին։ Մեր տղաները առաջին հերթին կյանքեր են փրկում, բայց թանկարժեք իրերը նույնպես հանձնվում են ոստիկանությանը. սա եզակի դեպք չէ»,- ասել է քաղաքի հրշեջ ծառայության ղեկավար Գաֆեր Յըլմազը։

Յըլմազն ընդգծել է, որ փրկարարների կողմից հայտնաբերված բոլոր արժեքավոր իրերը փոխանցվում են կա՛մ դրանց տերերին, կա՛մ ոստիկանության աշխատակիցներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավելի քան 150 մարդ է ձերբակալվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ երկրաշարժից տուժած շրջաններում թալանելու կասկածանքով։

Ավելի վաղ՝ փետրվարի 14-ին, ռուս փրկարարները Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո փլատակները մաքրելիս բնակելի շենքում հայտնաբերել էին 150 հազար դոլար, գույքագրման թղթադրամները փոխանցվել էին տեղի ոստիկանությանը։

  • Կիսվել: