չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Թուրքիայում հետապնդում է սկսվել Ցեղասպանությունը ճանաչող փաստաբանի նկատմամբ

Թուրքիայում հետապնդում է սկսվել Ցեղասպանությունը ճանաչող փաստաբանի նկատմամբ

Թուրքիայում հետաքննություն է սկսվել «Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ադանայի մասնաճյուղի ղեկավար, փաստաբան Յակուփ Աթաշի նկատմամբ:

Պատճառը սույն թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ կազմակերպության Ադանայի մասնաճյուղի տարածած հայտարարությունն է, փոխանցում է ermenihaber-ը:

Ադանայի գլխավոր դատախազությունը «ժողովրդի մի հատվածին ատելության և թշնամանքի դրդելու» մեղադրանքով հետաքննություն է սկսել Յակուփ Աթաշի նկատմամբ՝ տարածված ամբողջ հայտարարությունը հանցագործություն համարելով:
 
Աթաշը, իրավապահ մարմիններին ներկայանալով, հայտնել է, որ հայտարարությամբ արտահայտել է իր անձնական կարծիքը՝ չունանալով ատելություն և թշնամանք սերմանելու նպատակ: Նա հրաժարվել է ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ համաձայն ՄԻԵԴ որոշումների, իր կատարած հայտարարությունը տեղավորվում է խոսքի ազատության իր իրավունքի շրջանակներում:

Աթաշի կարծիքով՝ իր նկատմամբ սկսված հետաքննության նպատակն է վախեցնել մարդու իրավունքի պաշտպաններին:

«Այս հետաքննությունը նշանակում է հարձակում մտքի և խոսքի ազատության վրա: Սա հատաքննություն է իմ անձի և բոլոր մարդու իրավունքի պաշտպանների նկատմամբ»,- ասել է Աթաշը:

  • Կիսվել: