հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թուրքիայում 3 ընդդիմադիր կուսակցություն պահանջել է Էրդողանին հեռացնել նախագահական ընտրություններից

Թուրքիայում 3 ընդդիմադիր կուսակցություն պահանջել է Էրդողանին հեռացնել նախագահական ընտրություններից

Թուրքիայի երեք ընդդիմադիր կուսակցություններ պահանջել են նախագահական ընտրություններից հանել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։ Ընդդիմադիրները համապատասխան դիմում են հղել Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողով։

Haberturk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Էրդողանի թեկնածության չեղարկումը պահանջում են «Լավ», «Ժողովրդավարություն և բեկում» և «Հայրենիք» կուսակցությունները։ Նրանք բոլորն էլ աջակցում են Թուրքիայի նախագահի գլխավոր հակառակորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։

Ընդդիմության կարծիքով՝ գործող նախագահի առաջադրումը հակասում է երկրի սահմանադրությանը։ Նրանք պնդում են, որ ներկայում Էրդողանը պաշտոնավարում է երկրորդ ժամկետով անընդմեջ, ինչը նշանակում է, որ նա նորից առաջադրվելու իրավունք չունի:

Սակայն թուրքական իշխանությունները բացատրում են, որ 2017 թվականին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից հետո Էրդողանի նախագահական ժամկետները զրոյացվել են, և ընդդիմության բոլոր պնդումները իրավական հիմք չունեն։

Թուրքիայի նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Ինչպես գրում է Daily Sabah-ը, այժմ նախագահական ընտրությունների գլխավոր ֆավորիտներն են Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վեց ընդդիմադիր կուսակցությունների միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։

  • Կիսվել: