Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է Բաքու
Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն երեկ ժամանել է Բաքու, հանդիպումներ ունեցել Ադրբեջանի բանակի մի շարք բարձրաաստիճան զինվորականների հետ։
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը, ադրբեջանական կողմը նախ ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները հիմնված են բարեկամության և եղբայրության վրա, ապա ներկայացրել «բանակում իրականացված բարեփոխումների դրական արդյունքները»։
Թուրքական կողմն իր հերթին շեշտել է նման հանդիպումների կարևորությունը «երկու եղբայրական երկրների ռազմական համագործակցության զարգացման գործում»։
Հանդիպմանը քննարկվել են նաև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Այնուհետև թուրքական պատվիրակությունը հանդիպել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վալիևի և պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսայի հետ։
Հանդիպումների ժամանակ գոհունակություն է հայտնվել ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության ներկա վիճակի շուրջ՝ «հիմնված փոխադարձ վստահության և աջակցության վրա»։
Պաշտոնական այցի շրջանակներում թուրքական պատվիրակությունն այցելել է նաև Ցամաքային զորքերի շտաբ, հանդիպել պաշտպանության փոխնախարար - ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևի հետ։ Հանդիպմանը ընդգծվել է զինվորականների պրոֆեսիոնալիզմի բարձրացման և փորձի փոխանակման նպատակով համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը։