երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի մատակարարումը Հունգարիա կսկսվի ապրիլին

Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի մատակարարումը Հունգարիա կսկսվի ապրիլին

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիջյարտոն հայտարարել է, որ Ադրբեջանից Թուրքիայի տարածքով գազի մատակարարումները կսկսվեն ապրիլի սկզբին՝ նշելով, որ Թուրքիան առաջին անգամ գազ կարտահանի մի երկիր, որն իր անմիջական հարևանը չէ, գրում է ermenihaber.am-ը:

Անկարայում գտնվող Սիջյարտոն պատասխանել է ընթացիկ խնդիրների վերաբերյալ հարցերին և գնահատականներ տվել։

Խոսելով Թուրքիա-Հունգարիա տնտեսական և առևտրային համատեղ հանձնաժողովի (ETOK/JETCO) հանդիպման մասին՝ նա նշել է, որ այս հանդիպման նպատակն է համաձայնության գալ, թե ինչպես կարող են երկու երկրները տնտեսական և առևտրային համագործակցությունը տեղափոխել ավելի բարձր մակարդակ։

«Հաշվի առնելով մեր տնտեսության մեջ թուրք ներդրողների դերի աճը՝ մենք գոհ ենք գործերի ներկա վիճակից»,- նշել է Սիջյարտոն:

Սիջյարտոն հայտարարել է նաև, որ անցյալ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային 4.3 մլրդ դոլարի՝ ընդգծելով, որ իրենք պետք է տեսնեն, թե ինչպես կարող են հետագայում զարգացնել հարաբերությունները երկու երկրների միջև։

«Առաջին հերթին, Եվրամիությունում մեր նախագահության ընթացքում առաջիկա 6 ամսում մենք մեծ ուշադրություն ենք դարձնելու Թուրքիայի և ԵՄ մաքսային միության միջև համագործակցության արդիականացմանն ու ընդլայնմանը»,-նշել է հունգարացի բարձրաստիճան պաշտոնյան:

  • Կիսվել: