շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թուրքիայի խորհրդարանը կոչ է անում կասեցնել Իսրայելի անդամակցությունը ՄԱԿ-ում

Թուրքիայի խորհրդարանը կոչ է անում կասեցնել Իսրայելի անդամակցությունը ՄԱԿ-ում

Թուրքիայի խորհրդարանում միաձայն ընդունվել է բանաձև, որով կոչ է արվում կասեցնել Իսրայելի անդամակցությունը Միավորված ազգերի կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպություններին՝ Գազայի հատվածում այդ երկրի քաղաքականության պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ օրենսդիր մարմինը միաժամանակ աշխարհի խորհրդարաններին կոչ է արել դադարեցնել Իսրայելի հետ ռազմական և առևտրային հարաբերությունները:

Խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշի ստորագրած փաստաթղթում, մասնավորապես, ասված է. «Կոչ ենք անում կասեցնել Իսրայելի անդամակցությունը ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններին, մինչև նրա կառավարությունը չհրաժարվի իր ցեղասպանության քաղաքականությունից: Բոլոր երկրների ազգային խորհրդարաններին կոչ ենք անում դադարեցնել Իսրայելի հետ ռազմական և առևտրային կապերը և անհապաղ գործել Պաղեստինի նկատմամբ էմբարգոն վերացնելու համար»:

Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի խորհրդարանը միաժամանակ դատապարտել է Պաղեստինի երկարատև բռնազավթումը և միջազգային հանրությանը կոչ է արել մեծացնել ճնշումն Իսրայելի վրա՝ անհապաղ հրադադարի, զորքերի դուրսբերման և Գազային անխափան մարդասիրական օգնության հասնելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ եվրոպական վեց երկրների ԱԳ նախարարներ խստորեն դատապարտում են Գազայի վերաբերյալ Իսրայելի որոշումը

 

  • Կիսվել: