Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության օրինագծին
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու արձանագրության վավերացումը հաստատող օրինագիծը, տեղեկացնում է Anadolu-ն։
Ինչպես հաղորդվում է՝ նիստը տեղի է ունեցել Ֆուաթ Օքթայի նախագահությամբ։
Նիստի ընթացքում փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը հանձնաժողովին տեղեկացրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացի մասին, իսկ պատգամավորներն իրենց կարծիքն են հայտնել օրինագծի վերաբերյալ:
Քննարկումների ավարտից հետո Հյուսիսատլանտյան պայմանագրին (ՆԱՏՕ) Շվեդիայի Թագավորության անդամակցության մասին արձանագրության վավերացմանը հավանություն տալու մասին օրինագիծն ընդունվել է հանձնաժողովի կողմից: