Թուրքիայի երկու դպրոցներում կրակոցների առնչությամբ 162 մարդ է ձերբակալվել
Թուրքիայում այս շաբաթվա ընթացքում դպրոցներում հրազենի կիրառմամբ գրանցված երկու միջադեպերից հետո ձերբակալվել է 162 մարդ, հայտնել է երկրի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքին, տեղեկացնում է Hürriyet-ը:
Նա նշել է, որ այդ մարդիկ ձերբակալվել են համացանցում հարձակումների վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու և դրանց նկատմամբ հանրային հավանություն արտահայտելու կասկածանքով։ Այս խախտումների համար սոցիալական ցանցերում արգելափակվել է ավելի քան 1100 օգտատիրոջ հաշիվ։
«Մենք հայտնաբերել ենք բազմաթիվ հաշիվներ, որոնց բովանդակությունը նպաստում է բնակչության շրջանում վախի, անհանգստության և խուճապի տարածմանը։ Այս հաշիվները հրապարակայնորեն տարածում էին մոլորեցնող տեղեկատվություն և գովաբանում հանցագործություններն ու հանցագործներին»,-նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Քահրամանմարաշ քաղաքի միջնակարգ դպրոցում սպանվել էր 9 մարդ, այդ թվում՝ դեռահաս հրաձիգը։ Դրանից մեկ օր առաջ Շանլիուրֆա նահանգում դպրոցի նախկին աշակերտը ներխուժելով շենք՝ վիրավորել էր 16 մարդու և ինքնասպանություն գործել։


