Թուրքիայի ավիակարգավարները դադարեցրել են «իտալական գործադուլը» Էրդողանի միջամտությունից հետո
Թուրքիայի ավիակարգավարները հայտարարել են աշխատանքի դանդաղեցման կամ, այսպես կոչված, «իտալական գործադուլի» դադարեցման մասին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջամտությունից հետո։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ HTK-SEN ճյուղային արհմիության հաղորդագրության՝ Թուրքիայի իշխանությունները հավաստիացրել են, որ ավիակարգավարների պահանջները կկատարվեն, և ավիացիոն ճյուղի աշխատողների համար փոխհատուցումների մասին օրինագիծը կներկայացվի խորհրդարան աշնանային նստաշրջանում։
«Նախագահ Թայիփ Էրդողանի միջամտության շնորհիվ մեր «Աշխատանք առանց նախաձեռնության» երկամսյա ակցիայի հետ կապված իրավիճակը կարգավորված է: Նախագահն անձամբ հանձնարարել է լուծել այդ հարցը: Իշխանությունների հետ մեր հանդիպումների արդյունքում համապատասխան նախարարությունները և գերատեսչությունները երաշխավորել են, որ ավիացիոն փոխհատուցումների մասին օրենքը հոկտեմբերին կընդգրկվի խորհրդարանի օրակարգում և կընդունվի որպես օրենք», - նշված է հաղորդագրության մեջ։
Էրդողանն ավելի վաղ հանձնարարել էր կառավարությանը անհապաղ լուծել խնդիրները, որոնք ավիացիոն ճյուղի համար ստեղծել է հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 5-ը նախատեսված թուրք ավիակարգավարների «իտալական գործադուլը»։
Թուրքիայի ավիակարգավարները հունիս և հուլիս ամիսներին անցկացրել են «իտալական գործադուլ», որի ընթացքում կատարել են իրենց պարտականությունները, սակայն ավելի դանդաղեցված կերպով՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Այդ ակցիաները հանգեցրել են ավիաչվերթերի ընդունման և մեկնման հետաձգումների։
Ավիակարգավարները որոշել էին հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 5-ը հայտարարել նոր ակցիա՝ պատճառաբանելով, որ իշխանություններն անտեսում են իրենց պահանջները: