կիրակի, նոյեմբեր 27
27 / 11 / 2022
 Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է գերմանացի պաշտոնյայի կողմից Էրդողանին «կոյուղու առնետ» անվանելու դեպքին

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է գերմանացի պաշտոնյայի կողմից Էրդողանին «կոյուղու առնետ» անվանելու դեպքին

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը խստորեն դատապարտել է Գերմանիայի դաշնային խորհրդարանի փոխնախագահ Վոլֆգանգ Կուբիցկիի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին արված «վիրավորական արտահայտությունները»։

Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber․am-ից։

Կուբիցկին Գերմանիայի Հիլդեսհայմ քաղաքում նախընտրական մի ելույթի ժամանակ, խոսելով Գերմանիայում հենց այնպես գաղթականների նոր հոսք չընդունելու անհրաժեշտության մասին, Էրդողանին բնորոշել էր «կոյուղու առնետ» արտահայտությամբ։

Բիլգիչը նշել է, թե այդ «անպարկեշտ հայտարարությունները պատկերացում են տալիս Կուբիցկիի քաղաքական և բարոյական մակարդակի մասին, ինչպես նաև բացահայտում նրա գռեհկությունը»։

Նա տեղեկացրել է, որ այդ հարցում Թուրքիայի «խիստ արձագանքը» հայտնել են նաև Անկարայում Գերմանիայի դեսպանին, որն այսօր կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն։

 

Ուշագրավ է, որ Deutsche Welle-ի թուրքերեն ծառայության հարցմանն ի պատասխան՝ Կուբիցկիի գրասենյակից հաստատել են նման բնորոշման կիրառումը։

«Կոյուղու առնետը փոքրիկ, հաճելի, բայց միաժամանակ խելացի, խորամանկ արարած է: Այդ իսկ պատճառով շատ մանկական պատմվածքներում նա հանդիպում է նաև որպես գլխավոր հերոս։ Օրինակ՝ «Ռատատույ» գրքում»,-նշել են գրասենյակից՝ շեշտելով, որ այդ արտահայտությունը Կուբիցկին կիրառել է՝ անդրադառնալով գաղթականների հարցում Էրդողանի վարած քաղաքականությանը։

  • Կիսվել: