հինգշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2022
Թուրքիան ու Ադրբեջանը կնշեն Շուշիի հռչակագրի մեկամյակը

Թուրքիան ու Ադրբեջանը կնշեն Շուշիի հռչակագրի մեկամյակը

Շուշիի հռչակագրի ստորագրման մեկամյակի կապակցությամբ Արցախի՝ ներկայում Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքում կհավաքվեն Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաները:

Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քիրանը, գրում է Report-ը։

Նա հավելել է, որ հաջորդ շաբաթ Շուշիում կայանալիք միջոցառմանը Թուրքիան նախատեսում է մեծ պատվիրակություն ներկայացնել։

Համագործակցության մասին Շուշիի հռչակագիրն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված համագործակցության մասին պայմանագիր է:

Փաստաթղթի ստորագրումից հետո Իլհամ Ալիևն ասել է, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադդրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը։ Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում։ «Մեր ստորագրած դաշնակցային համաձայնագիրը ցույց է տալիս մեր հետագա համագործակցության ուղիները, հռչակագրում կարևորվում է փոխգործությունը միջազգային մակարդակում, էներգետիկ անվտանգության, Հարավային գազային միջանցքի, տնտեսության, առևտրի, մշակույթի, սպորտի բնագավառներում, բայց ես ուզում եմ առանձնացնել երկուսը՝ համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում և փոխադարձ ռազմական օգնությունը»,- ասել է Ալիևը։ Նա «պատմական մեծ նվաճում է» անվանել դեկլարացիան։ Ալիևը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասելով, թե «դա հնարավոր է դարձել ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի արդյունքում»։

  • Կիսվել: