Թուրքիան սիրիացի վարձկաններին սահմանները և գազատարերը պաշտպանելու առաքելությամբ ուղարկվել է Ադրբեջան. The Guardian-ն ուշագրավ բացահայտումներ է արել
Սիրիացի ապստամբ մարտիկները՝ որպես Ադրբեջանի սահմանապահներ, աշխատելու են գրանցվել Թուրքիայի մասնավոր անվտանգության ընկերությունում, երբ Բաքվի և հարևան Հայաստանի երկարատև հակամարտությունը սրման վտանգավոր նշաններ է ցույց տալիս: Այս մասին գրում է The Guardian պարբերականը, փոխանցում է Tert.am-ը։
Վարձկանների հնարավոր տեղակայումը Թուրքիայի մեծացող ախորժակի նշան է արտերկրում իր ազդեցություննը ուժեղացնելու համար և բացում է տարածաշրջանում ռազմական գործողությունների երրորդ թատերաբեմը` Մոսկվայի հետ իր տարածաշրջանային հակամարտության մեջ:
Անկարան Սիրիայում և Լիբիայում Ռուսաստանի հետ արդեն իշխանության պայքարի մեջ է և հիմա լարվածությունը կարող է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ:
Օտարերկրյա զինյալների ժամանումը նոր բարդություն է մտցնում Լեռնային Ղարաբաղի համար Երևանի և Բաքվի կռվում: Այս տարածաշրջանը Արևմուտքի անհանգստությունն է առաջացնում, քանի որ նավթագազային միջանցք է:
Ազազում բնակվող երկու եղբայրներ ՝ Մուհամադն ու Մահմուդը, ովքեր պարբերականի հետ զրույցում փոխել են իրենց անունները խնդրի զգայունության պատճառով, պարբերականին ասել են, որ սեպտեմբերի 13-ին իրենց կանչել են Աֆրինի ռազմական ճամբար:
Ժամանելուն պես Թուրքիայի կողմից աջակցվող «Սուլթան Մուրադ» ստորաբաժանման հրամանատարը նրանց ասել է, որ Ադրբեջանում սահմանները և գազատարերը պաշտպանելու աշխատանք կա` 3-6 ամսվա պայմանագրով և 7000-10 000 լիրա ամսական աշխատավարձով:
Հրամանատարը մանրամասներ չի հաղորդել այն մասին, թե ինչ է իրենից ենթադրում գործը, որքան կտևի այն կամ երբ է կհեռանան Ադրբեջանից: Տղամարդիկ տեղյակ չեն նաև, թե ինչպես է կոչվում թուրքական կազմակերպությունը կամ ովքեր են վճարելու իրենց աշխատավարձերը:
Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ սիրիացի վարձկանների առաջին խումբը` շուրջ 500 մարդ «Սուլթան Մուրադ» և «Ալ-Համզա» խմբավորումներից, հրամանատարներ Ֆահիմ Էիսայի և Սաիֆ Աբու-Բաքիրի գլխավորությամբ արդեն մեկնել են Ադրբեջան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Լույս սեպտեմբերի 28-ին մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեցել են նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։
Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 84 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։