երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Թուրքիան ՆԱՏՕ-ում ունի ամենախոշոր բանակներից մեկը և կարևոր դեր է խաղում ԵՄ-ի հետ հարաբերություններում․ Ֆոն դեր Լայեն

Թուրքիան ՆԱՏՕ-ում ունի ամենախոշոր բանակներից մեկը և կարևոր դեր է խաղում ԵՄ-ի հետ հարաբերություններում․ Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը երեքշաբթի հայտարարել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում ունի ամենախոշոր զինված ուժերից մեկը և կարևոր դեր է խաղում ինչպես դաշինքի ներսում, այնպես էլ Եվրոպական միության հետ հարաբերություններում, հաղորդում է Anadolu-ն։

Ելույթ ունենալով Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի պաշտպանական արդյունաբերության ֆորումում՝ «Հնարավորությունների խնդիրը․ ՆԱՏՕ-ԵՄ երկխոսություն» խորագրով պանելային քննարկման ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ միասին, ֆոն դեր Լայենը ընդգծել է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի միջև ավելի սերտ համակարգման, համատեղ գնումների և եվրոպական պաշտպանաարդյունաբերական բազայի ամրապնդման կարևորությունը՝ անվտանգության ոլորտում փոփոխվող իրավիճակի պայմաններում։

Նա նշել է, որ ԵՄ անդամ պետություններն ու ՆԱՏՕ-ի դաշնակիցները հիմնականում հենվում են «զինված ուժերի միասնական փաթեթի» վրա, որը կարող է ներգրավվել ՆԱՏՕ-ի առաքելություններում, ԵՄ գործողություններում, ՄԱԿ-ի առաքելություններում կամ գործընկեր պետությունների կոալիցիաներում։

Նրա խոսքով՝ զինված ուժերի համատեղելիությունը առանցքային նշանակություն ունի, իսկ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է «պաշտպանության ոլորտում ներդրումների լայնածավալ ավելացում»։

Խոսելով Թուրքիայի մասին՝ ֆոն դեր Լայենը ընդգծել է, որ երկիրը կարևոր տեղ է զբաղեցնում այս համակարգում։

«Թուրքիան ՆԱՏՕ-ում ունի ամենախոշոր զինված ուժերից մեկը, ունի հսկայական նշանակություն և միշտ կարևոր դեր է խաղացել դաշինքում, ինչպես նաև, իհարկե, Եվրոպական միության հետ մեր հարաբերություններում», — հայտարարել է ֆոն դեր Լայենը։

Նա հավելել է, որ Թուրքիայի և եվրոպական պաշտպանական նախաձեռնությունների միջև ավելի սերտ համագործակցության հնարավորություններ կան, այդ թվում՝ Security Action for Europe (SAFE) մեխանիզմի շրջանակում, որը ֆինանսավորում է տրամադրում պաշտպանական արտադրանքի համատեղ գնումների համար։

  • Կիսվել: