շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիան Իրաքի և Սիրիայի հետ սահմանին կսկսի նոր ռազմագործողություններ. Էրդողան

Թուրքիան Իրաքի և Սիրիայի հետ սահմանին կսկսի նոր ռազմագործողություններ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահականում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մարտի 31-ին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից հետո Թուրքիա-Իրաք և Թուրքիա-Սիրիա սահմաններին ռազմական գործողություններ են անցկացվելու, գրում է ermenihaber.am-ը:

Նա ընդգծել է, որ Իրաքի հետ իրենց սահմանն անվտանգային շրջանակի մեջ առնելու գործընթացը գրեթե ավարտին է հասցվել և արդեն ամռանն այդ թևում ունեցած անվտանգային խնդիրը տևական լուծում կգտնի:

Բացի այդ նշել է, որ Սիրիայի հետ սահմանի երկայնքով 30-40կմ խորության վրա անվտանգային միջանցք ստեղծելու մտադրությունն իրենց համար շարունակում է մնալ ակտուալ:

«Մեր կամքը ընդմիշտ է՝ Սիրիայի հետ սահմանների երկայնքով 30-40կմ խորությամբ անվանգային միջանցք ստեղծելու առումով: Մենք պատրաստվում ենք նոր մղձավանջներ ստեղծել նրանց համար, ովքեր մտածում են, որ հարավային սահմանների երկայնքով «Ահաբեկիչների բնատեղի»-ի (terörsitan) ստեղծմամբ Թուրքիային ծնկի կբերեն»,-ասել է նա:

Էրդողանը նաև սպառնալից կոչ է հնչեցրել Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության ուժերի՝ «Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության» և «Քուրդիստանի հայրենասերների միության» հասցեին՝ հորդորելով «հարգել Թուրքիայի անվտանգային ռազմավարությունը»:

«Այլապես դուք կլինեք բոլոր այն լարվածությունների պատճառը, որոնք կծագեն»,- եզրափակել է Թուրքիայի նախագահը:

  • Կիսվել: