ուրբաթ, սեպտեմբեր 20
20 / 9 / 2024
Թուրքիան դիմում կներկայացնի ՄԱԿ-ի դատարան՝ Իսրայելի դեմ հայցին միանալու համար

Թուրքիան դիմում կներկայացնի ՄԱԿ-ի դատարան՝ Իսրայելի դեմ հայցին միանալու համար

Թուրքիան օգոստոսի 7-ին Միջազգային դատարան դիմում կներկայացնի Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին միանալու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երկօրյա այցով Եգիպտոսում կայացած բանակցությունների արդյունքներով։

«Մենք չորեքշաբթի օրը Միջազգային դատարան կուղարկենք Իսրայելի վերաբերյալ մեր պատրաստած թղթապանակը՝ գործընթացին մասնակցելու հնարավորություն ունենալու համար»,- ասել է Ֆիդանը։

Թուրք նախարարը մեղադրել է իսրայելական իշխանություններին Գազայի հատվածում հակամարտությունը ողջ տարածաշրջանում տարածելու ձգտման մեջ։

«Նեթանյահուն խաղաղություն չի ցանկանում: Նա ձգտում է տարածել Գազայի բռնությունը ողջ տարածաշրջանում: Նեթանյահուի կառավարության գործողությունները վտանգավոր են ողջ աշխարհի համար, և եթե դրանք չկանգնեցվեն, ապա սրա համար ամբողջ աշխարհը թանկ է վճարելու: Նրանք, ովքեր աջակցում են Իսրայելին, պատասխանատու են այն ամենի համար, ինչ տեղի է ունենում: Նեթանյահուի տեղը ոչ թե խորհրդարանի նստավայրն է, այլ դատարանում ամբաստանյալների համար նախատեսված տեղը»,- ասել է թուրք նախարարը։

Թուրքական իշխանությունները Իսրայելին մեղադրում են Գազայի հատվածում մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Նեթանյահուի վարչակազմին։

  • Կիսվել: