ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիան բացառել է առանց իր պահանջների կատարման Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Թուրքիան բացառել է առանց իր պահանջների կատարման Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը չի շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի պահանջները չեն կատարվել։

 Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների հետ բանակցությունների արդյունքներով Անկարայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։
 
«ՆԱՏՕ-ն անվտանգության դաշինք է, ուստի այս դաշինքի ամենահիմնական խնդիրն այն է, որ անվտանգության մտահոգությունները հավասարապես և արդարացիորեն փարատվեն դաշինքի բոլոր անդամների համար։ Մենք ցանկանում ենք, որ կոնկրետ միջոցներ ձեռնարկվեն ահաբեկչական կազմակերպությունների դեմ։ Եթե այն պահանջները, որոնք ես նշել եմ, չկատարվեն, ապա այս (ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության, -խմբ) գործընթացը չի կարող շարունակվել»,- ընդգծել է նա։
 
Մայիսի 25-ին Անկարայում՝ նախագահական պալատում տեղի էին ունեցել թուրքական, շվեդական ու ֆիննական պատվիրակությունների՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հարցով բանակցությունները, որոնք շարունակվել էին հինգ ժամ: Բանակցություններին թուրքական կողմից մասնակցել են նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը և փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը:
 
Շվեդիան ու Ֆինլանդիան մայիսի 18-ին պաշտոնապես դիմել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին՝ դաշինքին անդամակցելու հարցով: Թուրքիան պաշտոնապես հանդես է եկել Հյուսիսատլանտյան դաշինքին այս երկու երկրների անդամակցության դեմ: Մասնավորապես, Թուրքիայի ղեկավար Էրդողանը թուրքական կողմի դիրքորոշումը բացատրել է Շվեդիայի և սկանդինավյան այլ երկրների կողմից քուրդ զինյալներին, ում Թուրքիան համարում է ահաբեկիչ, աջակցելու հանգամանքով: «Սկանդինավյան երկրները նման են ահաբեկչական կազմակերպությունների հյուրատան», - ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության գործունեությունն այդ երկրներում։

  • Կիսվել: