Թուրքայում կուսումնասիրեն Վրաստանում կործանված ինքնաթիռի խոցման վարկածը․ Hürriyet
Թուրքիայի փորձագետներն ուսումնասիրում են այն վարկածը, ըստ որի Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել, հայտնել է կառավարամետ թուրքական «Hürriyet» թերթի մեկնաբան, կառավարական շրջանակներին մոտ կանգնած Աբդուլքադիր Սելվին։
Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը նախկինում հայտնել էր, որ Lockheed C-130 Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռը երեքշաբթի օրը կործանվել է Վրաստանի տարածքում, ինչի հետևանքով զոհվել է 20 զինծառայող։ Անկարան Թբիլիսիի հետ համակարգում է որոնողափրկարարական աշխատանքները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմը հայտարարել է, որ կործանման պատճառների հետաքննությունը կիրականացվի առանձնահատուկ մանրամասնությամբ։
«Մեր ինքնաթիռը ընկե՞լ է, թե՞ խոցվել։ Այս հարցի շուրջ մանրակրկիտ հետաքննություն է ընթանում։ Ուսումնասիրվում է ինչպես ինքնաթիռի ընկնելու, այնպես էլ նրա խոցման հավանականությունը», - գրել է Սելվին իր հոդվածում հինգշաբթի օրը։
Նա նաև նշել է, որ Կովկասը «անհանգիստ տարածաշրջան» է։
«Հետևաբար, ուսումնասիրվում են բոլոր հնարավոր տարբերակները», - հավելել է հոդվածագիրը։
Վրաստանում կործանված թուրքական ռազմական ինքնաթիռի մնացորդները կտեղափոխվեն Կեսարիա քաղաք՝ տեխնիկական զննման համար: Միջադեպից առաջ ինքնաթիռը որևէ աղետի ազդանշան չի արձակել, հինգշաբթի օրը հաղորդել է կառավարամետ «Türkiye» թերթը՝ հղում անելով սեփական տեղեկատվությանը:


