երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Թրամփը շնորհավորել է Քարնիին Կանադայի ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ

Թրամփը շնորհավորել է Քարնիին Կանադայի ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին երկրի խորհրդարանի արտահերթ ընտրությունում նրա Լիբերալ կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին ապրիլի 29-ին հայտնել է Կանադայի վարչապետի գրասենյակը։ Քվեաթերթիկների 99.9%-ի հաշվարկից հետո Կանադայի Լիբերալ կուսակցությունը ընտրությունում ստացել է 169 մանդատ՝ գրեթե ապահովելով բացարձակ մեծամասնություն, որի համար անհրաժեշտ է 172 մանդատ։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, երկու առաջնորդներն էլ համակարծիք են եղել, որ Միացյալ Նահանգների և Կանադայի միջև համագործակցությունը՝ «որպես անկախ, ինքնիշխան պետություններ», շատ կարևոր է։ Թրամփն ու Քարնին, որն ԱՄՆ գործող նախագահի մոլի քննադատն է, ցանկություն են հայտնել առաջիկայում անձնական հանդիպում անցկացնել:

Ապրիլի 28-ին Կանադայում խորհրդարանի արտահերթ ընտրություն է անցկացվել: Ընտրությունում իր կուսակցության հաղթանակի կապակցությամբ ելույթում Մարկ Քարնին խոստացել է վճռականորեն դիմակայել Թրամփի ագրեսիվ քաղաքականությանը:

Ապրիլի 30-ի առավոտյան Մարկ Քարնիին ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ, ի թիվս այլոց, շնորհավորել էին նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շնորհավորել է Քարնիին:

  • Կիսվել: