Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սկսել օրենսդրական աշխատանքներ՝ սահմանափակելու ծննդյան հիմքով ամերիկյան քաղաքացիության իրավունքը, մասնավորապես՝ այն անօրինական ներգաղթյալների երեխաների համար։
Truth Social-ում հրապարակված գրառմամբ նա արձագանքել է ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշմանը, որով վերահաստատվել է ԱՄՆ-ում ծնված անձանց՝ ամերիկյան քաղաքացիություն ստանալու սահմանադրական իրավունքը։
«Կոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը՝ վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիության տրամադրման պրակտիկային, որը մեր երկրի համար թանկարժեք և անարդար է։ Նրանք կարող են լիովին ապավինել իմ աջակցությանը»,- գրել է Թրամփը։
Նրա խոսքով՝ այդ փոփոխությունն իրականացնելու համար Սահմանադրության փոփոխության կարիք չկա, և անհրաժեշտ օրենսդրությունը կարող է ընդունվել Կոնգրեսի կողմից՝ նախագահի աջակցությամբ։


