Թրամփը հայտարարել է Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի ստեղծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Խաղաղության խորհրդի ստեղծման մասին, որը պետք է ղեկավարի Գազայի հատվածի վերակառուցումը, տեղեկացնում է AFP-ն:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահը կղեկավարի Խաղաղության խորհուրդը, որի ստեղծումը Թրամփի՝ Գազայի հատվածի համար խաղաղության ծրագրի մի մասն է՝ միջազգային ուժերի տեղակայման հետ մեկտեղ:
Աղբյուրը նշում է, որ խորհրդի ստեղծման մասին հաղորդվել է 15 անդամից բաղկացած պաղեստինյան տեխնոկրատ վարչակազմի ստեղծման վերաբերյալ հայտարարությունից անմիջապես հետո:
Վարչակազմը կգործի Խաղաղության խորհրդի հսկողության ներքո, այն կառավարելու է հետպատերազմյան կյանքը Գազայի հատվածում:
Իր հերթին The Telegraph-ը հայտնել է, որ Խաղաղության խորհրդի կազմում, հավանաբար, կներառվեն Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Թրամփի անունից հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի երկրորդ փուլին անցնելու մասին։ Այդ փուլը, ի թիվս այլ հարցերի, ենթադրում է ՀԱՄԱՍ-ի զինաթափումը և միջազգային կայունացման ուժերի տեղակայումը Գազայի հատվածում՝ պաղեստինյան ոստիկանությանն աջակցելու համար:



