Թրամփը դատի է տվել գրող Քերոլին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի պատասխան հայց է ներկայացրել գրող Էլիզաբեթ Քերոլի դեմ, որն ավելի վաղ դիմել էր դատարան՝ նրան մեղադրելով բռնաբարության եւ զրպարտության մեջ, տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։
ԱՄՆ նախկին նախագահը Քերոլին մեղադրում է իր հեղինակությանը վնաս պատճառելու մեջ, չնայած ատենակալների դատարանը նրան անմեղ է ճանաչել բռնաբարության մեղադրանքի մասով։
Ինչպես նշել է գործակալությունը, հանդիպական հայց ներկայացնելու հնարավորությունն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ դատարանը թույլ էր տվել գրողին լրացնել հայցը ԱՄՆ նախկին նախագահի դեմ։ Հիմք էր հանդիսացել այն, որ նախկին նախագահը CNN հեռուստաընկերության եթերում գրողին անվանել էր «խելագար», նրա փաստարկները՝ «կեղծ» եւ «մտացածին», իսկ հայցը՝ «սարքած գործարք»։ Դատավարությունը նախատեսված է 2024թ. հունվարին։ Քերոլը Թրամփից պահանջում է 10 մլն դոլարի վնասի փոխհատուցում։
Նյու Յորքի ատենակալների դատարանը մայիսի 9-ին Թրամփին մեղավոր էր ճանաչել գրողի քաղաքացիական հայցով, նա մեղադրվում է սեռական ոտնձգության եւ զրպարտության մեջ։ Ատենակալները Թրամփին բռնաբարության մեջ մեղավոր չեն ճանաչել։ Սպիտակ տան նախկին ղեկավարը Քերոլին պետք է վճարի 5 մլն դոլար։
2019թ. Քերոլը գիրք է հրապարակել, որտեղ պնդել է, որ 1995թ. վերջին կամ 1996թ. սկզբին Թրամփը բռնաբարել է իրեն Նյու Յորքի կենտրոնի խանութում։ Նա արդեն դիմել էր դատարան, բայց գործն այդ ժամանակ ընթացք չէր ստացել։ Անցած տարվա նոյեմբերին ամերիկուհին նախկին նախագահի դեմ նոր հայց է ներկայացրել զրպարտության եւ բռնաբարությունը չընդունելու մեղադրանքով։ Թրամփը քանիցս հերքել է այդ մեղադրանքները։