Թրամփը 1 մլրդ դոլարի փոխհատուցում է պահանջում Հարվարդից
Վաշինգտոնի վարչակազմը Հարվարդի համալսարանից 1 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջել՝ թույլ տրված խախտումների համար։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք այժմ ձգտում ենք 1 միլիարդ դոլարի չափով վնասի փոխհատուցման և ապագայում չենք ցանկանում որևէ գործ ունենալ Հարվարդի համալսարանի հետ», — գրել է նա Truth Social-ում։ Թրամփը համալսարանն անվանել է «խորապես հակասեմական» և հավելել, որ այնտեղ տեղի են ունեցել «օրենքի խախտման աղմկահարույց դեպքեր»։
Վաշինգտոնի վարչակազմն անցյալ տարի պահանջել է փոփոխություններ մտցնել ուսումնական հաստատության քաղաքականության մեջ՝ դա հիմնավորելով հրեական ծագում ունեցող ուսանողներին հակասեմականությունից պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Այն նաև մի շարք այլ միջոցներ է ձեռնարկել համալսարանի դեմ։ Թրամփը, մասնավորապես, առաջարկել է այն համարել քաղաքական կազմակերպություն և զրկել հարկերից ազատված բուհի կարգավիճակից։ ԱՄՆ կրթության նախարարությունը հայտարարել է համալսարանի համար նախատեսված 2,2 միլիարդ դոլարի դրամաշնորհների և 60 միլիոն դոլարի երկարաժամկետ պայմանագրերի սառեցման մասին։
Ամերիկյան առաջնորդը 2025 թվականի հոկտեմբերին հայտարարել է, որ Հարվարդի ներկայացուցիչները և իր վարչակազմը պայմանավորվածություն են ձեռք բերել, համաձայն որի՝ բարձրագույն ուսումնական հաստատությունը մոտ 500 միլիոն դոլար կվճարի և կզբաղվի արհեստական բանականության հետ մարդկանց փոխգործակցության ուսուցման ծրագրերով՝ պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարաններում։ Սակայն երկուշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ Թրամփը հասկացնել է տվել, որ համալսարանի կողմից նման գործողությունները համարում է անբավարար։ Նա նաև հերքել է The New York Times թերթի հոդվածում բերված տեղեկատվությունը, որտեղ ասվում է, թե ԱՄՆ վարչակազմն այլևս չի պահանջում ուսումնական հաստատությունից 200 միլիոն դոլար վճարել։



