երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Թրամփի վարկանիշն ընկել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ

Թրամփի վարկանիշն ընկել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ

ԱՄՆ նախագահի պաշտոնում գտնվելուց 100 օր անց արձանագրվել է, որ Դոնալդ Թրամփը հավանության ամենացածր վարկանիշն ունի ամերիկացի ղեկավարների շրջանում վերջին 80 տարվա ընթացքում: Այդ մասին վկայում են հարցման տվյալները, որն անցկացվել է ABC News-ի, Washington Post-ի և Ipsos-ի կողմից։

Ուսումնասիրության համաձայն՝ հարցման մասնակիցների միայն 39%-ն է հավանություն տալիս այն բանին, թե ինչպես է Թրամփը կառավարում երկիրը, 55%-ը դժգոհություն է հայտնել նախագահի աշխատանքից։ Մասնավորապես, հարցվածներից շատերը մտահոգված են տնտեսության վիճակով. 73%-ը կարծում է, որ այն գտնվում է վատ վիճակում։

Հարցվածների 71%-ը որպես գների աճի պատճառ համարում է Թրամփի կողմից սահմանված ներմուծման մաքսատուրքերը։ Հարցվածների միայն 31%-ն է համաձայն ԱՄՆ նախագահի այն փաստարկների հետ, թե տնտեսությունը երկարաժամկետ հեռանկարում ավելի ամուր հիմք կունենա։

Հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 58%-ը, կարծում է, որ պետության ղեկավարի ջանքերը, որոնք ուղղված են կառավարության չափի և դերի կրճատմանը, չափից ավելի են, 56%-ը պնդում է, որ նա անհիմն կերպով չարաշահել է իր լիազորությունները, 55%-ը կասկածի տակ է դնում Թրամփի վարչակազմի հանձնառությունը քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու հարցում։

Միևնույն ժամանակ, հարցվածների 67%-ը դեմ է արտահայտվել ծննդյան իրավունքով քաղաքացիության չեղարկմանը, 66%-ը դեմ է  կրթության նախարարության փակմանը։

Ինչ վերաբերում է միջազգային հարաբերություններին, ապա հարցվածների 49%-ն այն կարծիքին է, որ Թրամփն ավելի շուտ թուլացրել, քան ամրապնդել է ԱՄՆ-ի առաջատար դիրքն աշխարհում։ Դրա հետ մեկտեղ, հարցվածների 34%-ն աջակցում է նրա քաղաքականությանը։

Հարցվածների 46%-ը հայտարարել է, որ Թրամփը չափազանց բարեկամական վերաբերմունք ունի Ռուսաստանի նկատմամբ, 11%-ը նրա մոտեցումը որակում է չափազանց առճակատային, իսկ 40%-ը հավանություն է տվել նախագահի մարտավարությանը։

Հարցումը 2025 թ. ապրիլի 18-22-ն անգլերեն և իսպաներեն լեզուներով անցկացվել է 2464 չափահասների շրջանում: Արդյունքների սխալանքը կարող է կազմել 2 տոկոսային կետ։

 

 

  • Կիսվել: