շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տիպիկ ադրբեջանական, կեղծված ընտրություններ էին. Տաթևիկ Հայրապետյան

Տիպիկ ադրբեջանական, կեղծված ընտրություններ էին. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկը, բազմաթիվ անհատ քաղաքացիներ, լրագրողներ ու դիտորդներ ահազանգում են մեծ թվով ընտրախախտումների մասին: «Արմենպրես»-ի հետ  զրույցում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,  ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը կայացած ընտրությունները տիպիկ ադրբեջանական ու կեղծված որակեց:

«Տիպիկ ադրբեջանական կեղծված ընտրություններ էին, ակնհայտորեն բազմաթիվ խախտումներով: Շատ քաղաքացիներ էին դրա մասին ահազանգում, «Մեյդան Թի-Վի»-ն էր դրա մասին հրապարակում ամբողջ օրվա կտրվածքով, նաև «Ազատություն» ռադիոկայանի իրենց ծառայությունն էր շատ ակտիվ, ընդդիմադիր որոշ լրագրողներ էին ակտիվ «Ֆեյսբուք»-ի գրառումներով արձանագրում առկա իրավիճակը: Եղան նաև ոստիկանության բավականին բռնի միջամտություններ, որոշ ընդդիմադիր գործիչների վստահված անձանց ուղղակի բռնությամբ հեռացնում էին ընտրատեղամասերից կամ թույլ չէին տալիս նկարահանումներ կատարել, արձանագրել խնդիրները: Ընդդիմադիր գործիչներից շատերը խոսում էին, որ ընտրացուցակներում բազմաթիվ խնդիրներ են առկա, հանգուցյալներ են քվեարկում, լցոնումներ են տեղի ունենում: Ընտրությունները հենց այդ միջավայրում էլ անցան՝ որևէ դրական քայլ չարձանագրելով Ադրբեջանի ընտրական պատմության մեջ»,- ասաց Հայրապետյանը:

Նախնական արդյունքներով՝ ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 55%-ը: Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ թիվը «նկարված» է, սակայն կարող էր և ավելի մեծ լինել:

«Կարող էին նաև ավելի բարձր թիվ «նկարել», որովհետև հետաքրքրական էր, որ իրենք կարծես ժամը 12:00-ի դրությամբ մոտ 27% մասնակցություն էին արձանագրել, որն այնքան էլ հավանական չէ, երեկոյան ժամերին են մարդիկ սովորաբար ավելի շատ գնում ընտրության: Այս կեղծված ընտրությունների ֆոնին դժվար է եզրահանգումներ անել, սովորաբար ավելի բարձր է լինում մասնակցությունը: Մոտ 70 և ավելի տոկոս մասնակցություն իրենք կարողանում են ապահովել: Այդ տեսանկյունից փոքր ինչ ցածր է ցուցանիշը»,- նշեց պատգամավորը:

Տաթևիկ Հայրապետյանը հույս ունի, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդները կարձանագրեն տեղի ունեցած ընտրախախտումները և դրանք զեկույցով կներկայացնեն ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում:

«ԵԽԽՎ դիտորդներից մեկն էլ հենց այն կինն էր, որ զեկույց էր պատրաստել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին, բավականին սկզբունքային մի անձնավորություն, կարծում եմ և հույս ունեմ, որ այդ դիտորդները կարձանագրեն առկա խնդիրները: Նույնիսկ ԵԽԽՎ նախնական հայտարարության մեջ արդեն արձանագրել էին, որ անբարենպաստ է մթնոլորտը քարոզարշավի համար: Վաղն իրենց նախնական դիտարկումները կանեն ընտրությունների հետ կապված, իհարկե, ավելի համապարփակ զեկույցն ուշ կհրապարակվի և կներկայացվի նաև ապրիլին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ: Երբ ներկայացվի զեկույցը և խոսվի դրա մասին, մենք էլ մեր ասելիքը կունենանք: Իսկ Հայաստանի խորհրդարանում անհատ պատգամավորների առումով, իհարկե, արձանագրումներ կլինեն»,- ասաց Հայրապետյանը:

 

Ադրբեջանում նախանշված իբր կադրային հեղափոխության սպասելիքներին անդրադառնալով՝ պատգամավորը նշեց, որ ընտրվածների նախնական ցուցակներով այդ հեղափոխությունն այնքան էլ տեսանելի չէ:

«Նախնական տվյալներով՝ իշխող կուսակցությունը նորից զբաղեցնում է բացարձակ մեծամասնություն խորհրդարանում: Մոտ 69 տեղ կզբաղեցնի այդ կուսակցությունը, բայց նաև հրապարակվել է նախնական ցուցակ՝ հնարավոր ընտրվածների: Ես համեմատություն եմ անցկացնում, և մեծ մասը նախկին խորհրդարանի ներկայացուցիչներն էին, որը փոքր-ինչ տարակուսելի է ինձ համար, որովհետև ամբողջ իմաստը հիմնականում նոր, երիտասարդ կադրերին խորհրդարան բերելու մեջ էր: Տեսնենք՝ հետագա արդյունքներն ինչ ցույց կտան, բայց այս պահին երիտասարդ դեմքեր աչքի չեն ընկնում»,- նշեց նա:

Պատգամավորը հավելեց նաև, որ նախնական տվյալներով՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սեյիդովն անցել է ընտրություններում, և, հավանաբար, կշարունակի զբաղեցնել այդ պաշտոնը:

«Կարծում եմ, որ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության կազմն ամեն դեպքում մեկ-երկու հոգու փոփոխություն կկրի, բայց, եթե հիշողությունս չի դավաճանում, նույնիսկ ադրբեջանցի գործընկերների հետ կարճ զրույցների ժամանակ գրեթե բոլորը նշում էին, որ առաջադրվել են այս ընտրություններում: Եթե նրանք անցնեն խորհրդարան, կտեսնենք, թե արդեն ինչպես կձևավորվի պատվիրակության կազմը, բայց կարծում եմ, որ Սեյիդովը ամեն դեպքում կշարունակի զբաղեցնել այդ պաշտոնը: Թեև խելամիտ կլիներ նրան փոխելը, հաշվի առնելով նրա կապը «խավիարային դիվանագիտության» և ամբողջ «լվացքատան» գործարքի հետ կապված: Պատվիրակության մոտ քաղաքականության փոփոխություն չեմ ակնկալում ընդհանրապես»,- ասաց Հայրապետյանը:

Ադրբեջանի Միլլի Մեջլիսում առկա 125 տեղի համար պայքարում էր 1321 թեկնածու, այսինքն` յուրաքանչյուր պատգամավորական մանդատի համար պայքարել է մոտ 11 հոգի:

  • Կիսվել: