ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տեխասի տարրական դպրոցում հրաձգության հետևանքով առնվազն 18 երեխա է զոհվել

Տեխասի տարրական դպրոցում հրաձգության հետևանքով առնվազն 18 երեխա է զոհվել

ԱՄՆ Տեխաս նահանգի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 18 երեխա և նրանց ուսուցիչը:  Այս մասին հայտնում է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել Յուվալդ քաղաքում:

Ոստիկանները չեզոքացրել են չարագործին: Նա 18-ամյա տեղի բնակիչ Սալվադոր Ռոմասն է: Նրա հետ փոխհրաձգության ժամանակ 2 ոստիկան է տուժել: Նշվում է, որ դպրոցի վրա հարձակումից առաջ նա սպանել էր իր տատիկին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և անհապաղ գործողությունների կոչ արել ընդդեմ հրազենային լոբբիի, որը խոչընդոտում է զենքի առևտրի մասին օրենքների ընդունմանը:

Սա վերջին 10 օրում ԱՄՆ-ում զանգվածային սպանության երկրորդ դեպքն է: Մայիսի 14-ին 18-ամյա տղան 10 մարդու էր սպանել Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքի մթերքային խանութում: Ոստիկանությունը կարծում է, որ չարագործության շարժառիթը ռասայական ատելությունն է:

  • Կիսվել: