կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Թեհրանի քաղաքապետը հայտարարել է Իրանի նախագահի ընտրություններից իր թեկնածությունը հանելու մասին

Թեհրանի քաղաքապետը հայտարարել է Իրանի նախագահի ընտրություններից իր թեկնածությունը հանելու մասին

Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին Իրանի նախագահական ընտրություններից հանել է իր թեկնածությունը` հօգուտ պահպանողական թևի երկու այլ թեկնածուների՝ խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի և հանրապետության Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլիի: Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Ես հասել եմ նախընտրական մրցավազքի ժամկետի վերջին, բայց զոհված նախագահի ուղեգիծը շարունակելն ավելի կարևոր է: Խնդրում եմ Ջալիլիին և Ղալիբաֆին միավորվել, անպատասխան չթողնել հեղափոխության ուժերի օրինական պահանջները և թույլ չտալ Ռոուհանիի երրորդ կառավարության ձևավորումը»,- Զաքանին գրել է X-ի իր էջում։ Հասան Ռոուհանին, որը Իրանի նախագահն է եղել 2013-2021 թվականներին, պատկանում է ռեֆորմիստների թևին: 

Իր թեկնածությունը հանած Թեհրանի քաղաքապետը հույս է հայտնել, որ և՛ Ջալիլին, և՛ Ղալիբաֆը հաղթանակի դեպքում «կկանգնեն ճշմարտության և ժողովրդի իրավունքների պաշտպանության կողքին և իրենց գործընկերներին կընտրեն այն անձանցից, որոնք, գերագույն առաջնորդի  հրահանգի համաձայն, հավատում են հեղափոխության իդեալներին և մարդկանց բարեպաշտությանը»:

Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 28-ին։ 

  • Կիսվել: