Ճապոնիայում իշխող կոալիցիան կստանա խորհրդարանի 465 տեղերից 300-ը․ Asahi
Ճապոնիայի իշխող կոալիցիան՝ վարչապետ Սանաե Տակաիչիի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և նրա գործընկեր «Ճապոնիայի նորացման հասարակություն» կուսակցության կազմով, խորհրդարանի առանցքային ստորին պալատի առաջիկա ընտրությունների արդյունքում կստանա 465 տեղերից շուրջ 300-ը՝ զգալիորեն բարելավելով իր դիրքերը։ Այս մասին են վկայում «Asahi Shimbun» թերթի անցկացրած հարցման տվյալները։
Այս պահին իշխող դաշինքը խորհրդարանում ունի միայն նվազագույն մեծամասնություն՝ 465 տեղից 233-ը։ Հարցման տվյալների համաձայն՝ իշխող դաշինքը նաև հնարավորություն է տալիս ստանալ տեղերի 2/3-ը (310 տեղ)՝ բացարձակ մեծամասնություն ամրապնդելով ստորին պալատում, որը վճռորոշ ձայն ունի բյուջեի ընդունման, նոր օրենքների հաստատման և վարչապետի ընտրության հարցում։ Միևնույն ժամանակ, հիմնական ընդդիմադիր ուժին՝ վերջերս ձևավորված «Կենտրոնամետ բարեփոխումների միություն» կուսակցությանը, կանխատեսում են տեղերի ավելի քան կեսի կորուստ և մանդատների կրճատում՝ ներկայիս 167-ից մինչև 74։ Մյուս կողմից, ծայրահեղ պահպանողական «Մասնակցություն քաղաքականությանը» կուսակցությունը, որը հանդես է գալիս «Ճապոնացիները՝ ամեն ինչից վեր» կարգախոսով և բազմիցս մեղադրվել է ռասիզմի ու քսենոֆոբիայի մեջ, կբարելավի իր դիրքերը՝ խորհրդարանում ունենալով 11 տեղ՝ ներկայիս 2-ի փոխարեն։
«Asahi Shimbun»-ի համազգային հեռախոսային հարցումն անցկացվել է հունվարի 31-ից փետրվարի 1-ը, որին մասնակցել է շուրջ 350 հազար անձ։
Ճապոնիայի խորհրդարանի առանցքային ստորին պալատի արտահերթ ընտրությունները տեղի կունենան փետրվարի 8-ին։ Ճապոնական լրատվամիջոցները համակարծիք են, որ ԼԴԿ-ն բոլոր հնարավորություններն ունի նախկինում կորցրած միանձնյա մեծամասնությունը վերականգնելու համար՝ նույնիսկ առանց կոալիցիայի մաս կազմող «Ճապոնիայի նորացման հասարակություն» կուսակցության մանդատները հաշվի առնելու։


