հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ճապոնիայի վարչապետը հնարարվոր է համարել թշնամու բազաներին կանխարգելիչ հարվածներ հասցնելը

Ճապոնիայի վարչապետը հնարարվոր է համարել թշնամու բազաներին կանխարգելիչ հարվածներ հասցնելը

Ճապոնիայի նոր վարչապետ Ֆումիո Կիշիդան խոստովանել է, որ ազգային պաշտպանական ռազմավարության վերանայման շրջանակներում հնարավոր է ճապոնական զորքերի ներուժի մեծացում՝ ուղղված պոտենցիալ թշնամու տարածքում հրթիռային բազաներին կանխարգելիչ հարվածներ հասցնելուն:

Այս մասին ճապոնական կառավարության ղեկավարը հայտնել է ճապոնական խոշորագույն Yomiuri թերթի հետ հարցազրույցում:
 
«Նման տարբերակ եւս դիտարկվում է», - պատասխանել է նա համապատասխան հարցին: Կիշիդան ընդգծել է, որ գերձայնային եւ բալիստիկ հրթիռների տեխնոլոգիան շարունակում է զարգանալ, եւ ճապոնական բնակչության պաշտպանության տեսանկյունից «բոլոր իրատեսական հնարավորությունները պետք է դիտարկվեն»: Կառավարության ղեկավարը հավելել է, որ ազգային պաշտպանական ռազմավարության վերանայումը պետք է հնարավորինս արագ իրականացվի:
 
Ճապոնիայում վերջին տարիներին քննարկվում է երկրի Ինքնապաշտպանական ուժերի ներուժի զարգացման նպատակահարմարությունը՝ ուղղված պոտենցիալ թշնամու տարածքում հրթիռային բազաների դեմ կանխարգելիչ հարվածներ հասցնելուն, ինչը նախաձեռնել է Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը նախկին վարչապետ Սինձո Աբեի օրոք: Միեւնույն ժամանակ, ընդգծվել է ներկայիս պաշտպանական քաղաքականության պահպանման անհրաժեշտությունը, իսկ բազաների վրա կանխարգելիչ հարվածները դիտարկվել են որպես ծայրահեղ տարբերակ՝ ինքնապաշտպանության այլ միջոցների բացակայության դեպքում:
 
Ներկայումս Ճապոնիան ունի հակահրթիռային պաշտպանության երկմակարդակ համակարգ:

  • Կիսվել: