հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ճապոնիան ափսոսանք է հայտնել ՌԴ-ի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների դադարեցման կապակցությամբ

Ճապոնիան ափսոսանք է հայտնել ՌԴ-ի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների դադարեցման կապակցությամբ

Ճապոնիայի կառավարությունն ափսոսում է Ռուսաստանի կողմից խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների դադարեցման համար և դրանք վերսկսելու հույս ունի: Նման ձևակերպում կա Ճապոնիայի ԱԳՆ-ի կողմից հրապարակված «Դիվանագիտության կապույտ գրքում»՝ Ճապոնիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցում:

Դրանում ընդգծվում է, որ «կառավարությունը մտադիր է հաստատակամորեն հավատարիմ մնալ տարածքային վեճի լուծմանը և խաղաղության պայմանագրի կնքմանը»:

Միևնույն ժամանակ փաստաթղթում նշվում է, որ ներկայում «ճապոնառուսական հարաբերությունները գտնվում են բարդ փուլում, և այս պահին մենք ի վիճակի չենք քննարկել բանակցությունների հեռանկարները»։

Փաստաթղթում պնդվում են Ճապոնիայի տարածքային հավակնությունները Կուրիլյան կղզիների նկատմամբ։

«Կապույտ գրքում» ճապոնառուսական հարաբերությունների «գլխավոր առաջնահերթություններից մեկը» կղզիների նախկին բնակիչների անայցագիր ուղևորությունների վերսկսումն է Հարավային Կուրիլներ՝ փոխանակման ծրագրի շրջանակներում։

Զեկույցում ավելի կոշտ դիրքորոշում է հայտարարված  Չինաստանի նկատմամբ, որի քաղաքականությունը կոչվում է «մեծագույն ռազմավարական մարտահրավեր»։ Տոկիոն 2022 թ.-ին հայտարարել էր, որ Չինաստանը «անվտանգության լուրջ մտահոգություններ» է առաջացրել։

Գրքում Ճապոնիան առաջին անգամ մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմական կապերի առնչությամբ, նշել է, որ ուշադիր հետևելու է Ճապոնիայի տարածքի մերձակայքում Չինաստանի և Ռուսաստանի համատեղ զորավարժություններին, որոնք «ավելի ու ավելի հաճախ» են անցկացվում։

  • Կիսվել: