ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թբիլիսիում  ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով տուժել է 14 ոստիկան

Թբիլիսիում ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով տուժել է 14 ոստիկան

Թբիլիսիում շարունակվող բողոքի ակցիաների ընթացքում տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև։ Ըստ Վրաստանի ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեի՝ տուժել է 14 ոստիկան, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախազգուշացրել է, որ իշխանությունները խիստ միջոցներ են ձեռնարկելու նրանց նկատմամբ, ովքեր հարձակումներ են գործել իրավապահների վրա։

Ցուցարարների մի մասը կազմակերպիչների կոչով Ռուսթավելի պողոտայից տեղափոխվել է Ատոնելի փողոց՝ նախագահական նստավայրի մոտակայք, որտեղ սկսվել են անկարգություններ։ Իրավապահները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարներին Օրբելիանի պալատից հետ մղելու համար։ Մերձակա փողոցներում ցուցարարները բարիկադներ են կառուցել՝ օգտագործելով ռեստորանների ու բարերի գույքը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ իրավիճակը մնում է լարված, կենտրոնական հատվածում տեղակայվել են լրացուցիչ ուժեր։ Բախումների հետևանքով տուժածներ կան նաև լրագրողների շրջանում։ Վրաստանի հանրային հեռարձակողն ու «Իմեդի» հեռուստաալիքը հաղորդում են, որ ցուցարարները հարձակվել են իրենց աշխատակիցների վրա և փորձել են աչքերին փչել անհայտ հեղուկ։

Ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունները կեղծել են տեղական ընտրությունների արդյունքները, իսկ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ընդդիմադիրների գործողությունները որակում է որպես իրավիճակի ապակայունացման փորձ։

  • Կիսվել: