ուրբաթ, սեպտեմբեր 13
13 / 9 / 2024
Տավուշի հետ սահմանին 4 ադրբեջանցի է պայթել ականի վրա

Տավուշի հետ սահմանին 4 ադրբեջանցի է պայթել ականի վրա

Ադրբեջանի Ղազախի շրջանի՝ Հայաստանի հետ սահմանին գտնվող Քըզըլհաջիլի գյուղում, որը Բաքվին է փոխանցվել 2024 թվականի ապրիլի 19-ի՝ սահմանազատման մասին երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է չորս մարդ։ 

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հավելելով, որ վիրավորների թվում են ադրբեջանցի մեկ սահմանապահ և Ադրբեջանի հակաականային գործողությունների գործակալության (ANAMA) երեք աշխատակից։  

«Հակահետևակային ականի պայթյունի հետևանքով ոտքից վիրավորվել են պետական ​​սահմանապահ ծառայության ենթասպա Հայալ Ահադլին և ANAMA-ի աշխատակից Աֆիգ Մեհդիզադեն։ Բեկորային վնասվածքներ են ստացել նաև գործակալության աշխատակիցներ՝ Ալեքբերով Էլչին Իլհամ օղլուն և Միրզոև Յավեր Գերայ օղլուն», - նշված է Ադրբեջանի գլխավոր դատախազության, Պետական ​​սահմանային ծառայության և ականազերծման գործակալության (ANAMA) համատեղ հաղորդագրության մեջ։ 

Հաղորդվում է, որ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։   

 

  • Կիսվել: