Թաիլանդն ու Կամբոջան միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու համար
Այսօր առավոտյան Թաիլանդն ու Կամբոջան միմյանց մեղադրել են հրադադարի մասին համաձայնագիրը խախտելու մեջ, որը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ, հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները:
Նշվում է, որ երկու երկրների սահմանին կրկին բախումներ են տեղի ունեցել:
Մասնավորապես՝ Թաիլանդի զինվորականները հայտարարել են, որ կամբոջացիները ԱԹՍ-ների և հրետանու օգնությամբ գրոհել են Սիսակետ նահանգի ռազմակայանը: Նախնական տվյալներով՝ 1 զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել։
Իր հերթին Կամբոջայի Պաշտպանության նախարարությունը հերքել է այդ հայտարարությունները՝ նշելով, որ նախահարձակ եղել են Թաիլանդի զինվորականները, ինչի հետևանքով տուժել է 3 խաղաղ բնակիչ: Թաիլանդն ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի տարածքում գտնվող մի քանի օբյեկտների. դա հաստատել է նաև թաիլանդական բանակը:
Ըստ ԶԼՄ-ների՝ Թաիլանդի բանակի զրահատեխնիկան և հետևակը Կամբոջայի տարածք են մտել ինքնիշխանության վերականգնման գործողության շրջանակում: Մարտերի ընթացքում գրավվել է Կամբոջայի տարածքում գտնվող սահմանային անցակետերից մեկը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի վերջին Թաիլանդի և Կամբոջայի ղեկավարները հակամարտության կարգավորման մասին հռչակագիր են ստորագրել: Արարողությանը ներկա է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:


