երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ստոլտենբերգը հայտարարել է, որ արևմտյան զենքերով ՌԴ-ին հարվածելու սահմանափակումները խոչընդոտում են Կիևի ինքնապաշտպանությանը

Ստոլտենբերգը հայտարարել է, որ արևմտյան զենքերով ՌԴ-ին հարվածելու սահմանափակումները խոչընդոտում են Կիևի ինքնապաշտպանությանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում արևմտյան երկրներին կոչ է արել վերանայել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքին իրենց մատակարարած զենքերով հարվածելու սահմանափակումները։ Ըստ Ստոլտենբերգի՝ դա խոչընդոտում է ինքնապաշտպանվելու՝ Կիևի հնարավորություններին։ Այդ մասին տեղեկանում ենք Barron’s պարբերականից։

«ՆԱՏՕ-ի երկրները, որոնք զենք են մատակարարում Ուկրաինային, ընդունում են որոշումներ, թե ինչ հիմքերով է այն  մատակարարվում... Եկել է ժամանակը՝ մտածելու որոշ սահմանափակումների վերացման մասին, քանի որ մենք այսօր տեսնում ենք, որ, օրինակ, Խարկովի շրջանում առաջնագիծը և սահմանը գրեթե նույնն են», - ասել է Ստոլտենբերգը Բուլղարիայում անցկացվող նիստի ժամանակ:

«Եթե ուկրաինացիները չեն կարող հարձակվել ռազմական թիրախների վրա Ռուսաստանի տարածքում, ապա ուկրաինացիների ձեռքն, ասես, կապված լինի մեջքի հետևում, ինչը նրանց համար շատ դժվար է դարձնում պաշտպանությունը», - հավելել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը։

Նա շեշտել է, որ Ուկրաինան իրավունք ունի պաշտպանելու իրեն:

«ՆԱՏՕ-ի որոշ երկրներ վերացրել են սահմանափակումները, այժմ եկել է ժամանակը՝ վերացնելու մնացած սահմանափակումները․․․․ Ինքնապաշտպանությունը նաև ներառում է Ռուսաստանի ներսում օրինական ռազմական թիրախներին հարվածելու իրավունքը», - ասել է Ստոլտենբերգը։

Նա նաև ընդգծել է, որ զենքի 99 %-ը Կիևին մատակարարում են ՆԱՏՕ-ի երկրները՝ հավելելով, որ այդ զենքն «օգնել է լուրջ կորուստներ պատճառել ռուսական բանակին»:

  • Կիսվել: