ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիայի ՍԴ որոշմամբ Ստամբուլում գտնվող «Սանասարյան հան» շենքը 92 տարի անց կվերադարձվի հայկական հիմնադրամին

Թուրքիայի ՍԴ որոշմամբ Ստամբուլում գտնվող «Սանասարյան հան» շենքը 92 տարի անց կվերադարձվի հայկական հիմնադրամին

Թուրքիայի սահմանադրական դատարանի որոշմամբ Ստամբուլի «Սանասարյան հան» անվանումով պատմական հայկական շենքը կվերադարձվի հայկական Սանասարյան հիմնադրամին: Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակված որոշումից պարզ է դարձել, որ այդ երկրի ՍԴ-ն որոշում է կայացրել 1930-ին պետության կողմից բռնագրաված շենքի սեփականության իրավունքի խախտված լինելու օգտին: Այսպիսով շենքի սեփականության իրավունքը կվերադարձվի հայկական հիմնադրամին։

Այս գործով դատական գործընթացը շարունակվում էր արդեն 11 տարի: Պետության կողմից առգրավված և Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնված շենքի նկատմամբ սեփականության իրավունքը ետ ստանալու նպատակով Պոլսի հայոց պատրիարքարանը թուրքական դատարան էր դիմել դեռևս 2011-ին: 2014-ի հուլիսին Ստամբուլի 13-րդ դատարանը որոշում էր կայացրել հօգուտ Հիմնադրամների գլխավոր վարչության, ինչից հետո պատրիարքարանը բողոք էր ներկայացրել վերաքննիչ դատարան:

Շուրջ երեք ու կես տարի տևած դատական գործընթացի արդյունքում 2017-ին վճռվել էր ճանաչել այդ շենքի նկատմամբ Պոլսի պատրիարքարանի սեփականության իրավունքը: Սակայն շատ չանցած Հիմնադրամների գլխավոր վարչության պահանջով գումարված նոր նիստի արդյունքում դատարանն իր իսկ նախորդ որոշումը բեկանել էր՝ շենքի սեփականության իրավունքը կրկին վերադարձնելով վարչությանը: Դրանից հետո պատրիարքարանը վեճը տեղափոխեց Թուրքիայի ամենաբարձր դատական ատյան՝ Սահմանադրական դատարան, որն էլ գործով որոշում է կայացրել 2022-ի նոյեմբերի 3-ին, սակայն որոշումը կառավարության պաշտոնաթերթում հրապարակվել է ավելի քան 1 ամիս անց:

Վերջին շրջանում թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությունը հայկական պատմական այդ շինությունը պատրաստվում էր վարձակալության հանձնել: Ըստ լուրերի՝ վարձակալող ընկերությունը այն պետք է շահագործեր որպես 5 աստղանի հյուրանոց:

Հիշեցնենք, որ «Սանասարյանի հանը»  կառուցվել է Ստամբուլում 1881թ. Էրզրումցի հայ վաճառական և բարերար Մկրտիչ Սանսարյանի կողմից: Շենքը նպատակ է ունեցել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել: Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո հայոց պատրիարքին: 1930-ին Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը:

  • Կիսվել: