երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սպիտակ տունն անդրադարձել է ՌԴ-ի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչմանը

Սպիտակ տունն անդրադարձել է ՌԴ-ի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչմանը

ԱՄՆ-ն Ռուսաստանից Դոնբասի հանրապետությունները ճանաչելու մասին հայտարարություն էր ակնկալում և պատրաստ է անմիջապես արձագանքել դրան: Նախագահ Ջո Բայդենը հրամանագիր կհրապարակի, որով ամերիկյան քաղաքացիներին արգելվում է ներդրումներ կատարել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում, ինչպես նաեւ առեւտուր անել նրանց հետ եւ ֆինանսավորել այդ հանրապետությունները: Այս մասին հայտնում է "ՌԻԱ Նովոստի" - ն՝ վկայակոչելով Սպիտակ տունը:

Մոտ ժամանակներս ԱՄՆ-ի վարչակազմը կհայտարարի "լրացուցիչ միջոցառումների" մասին՝ տնտեսական միջոցառումներից առանձին որոնք պատրաստվում են դաշնակիցների հետ համակարգմամբ՝ Ուկրաինա Ռուսաստանի հետագա ներխուժման դեպքում, նշել են Սպիտակ տանը:

Հիշենենք` ՌԴ նախագահը քիչ առաջ ՌԴ քաղաքացիներին ուղղված իր հեռուստաուղերձում հայտարարեց չճանաչված հանրապետությունները ճանաչելու իր որոշման մասին` խնդրելով Դաշնային ժողովին վավերացնել երկու հանրապետությունները ճանաչող փաստաթղթերը, ինչպես նաև բարեկամության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրերը։

Նշենք, որ Դոնբասում իրադրությունը սրվել է վերջին օրերին, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարում են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին:

Նշենք նաև, որ Զելենսկին այս առնչությամբ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել:

Հավելենք, որ Ուկրաինայի նախագահը նաև հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահի հետ:

Ավելի վաղ նաև հաղորդել էինք, որ ՆԱՏՕ-ն դատապարտել է ՌԴ-ի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը:

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: