հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
«Սպառնալիք» Արևմուտքի անվտանգության համար. իսրայելցի նախարարը մեղադրել է Թուրքիայի ԱԳ նախարարին

«Սպառնալիք» Արևմուտքի անվտանգության համար. իսրայելցի նախարարը մեղադրել է Թուրքիայի ԱԳ նախարարին

Իսրայելի սփյուռքի հարցերով նախարար Ամիխայ Չիկլին սոցցանցում կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին մեղադրելով իսլամիստ ուժերին աջակցելու և Արևմուտքի անվտանգության համար «սպառնալիք» ներկայացնելու մեջ, գրում է ermenihaber.am-ը:

Չիկլին, Ֆիդանի և Համասի հանգուցյալ ղեկավար Իսմայիլ Հանիյեի համատեղ լուսանկարը հրապարակելով, պնդել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարը տարիներ շարունակ ձևավորել է Անկարայի «Իսլամական շարժումներին մոտ» քաղաքական գիծը։ Նրա պնդմամբ՝ Ֆիդանը Սիրիայում «ձևավորել է ջիհադիստական խմբերի ենթակառուցվածք», աջակցել է տարբեր տարածաշրջաններից եկող զինյալների տեղաշարժին և «ՀԱՄԱՍ»-ի ղեկավարությանն ապահովել է պաշտպանություն Թուրքիայում։

Չիկլին ասել է, որ Թուրքիայում ազատ տեղաշարժվող «ՀԱՄԱՍ»-ի անդամները կարող են ներգրավված լինել «Եվրոպայում հնարավոր ահաբեկչական գործողությունների պլանավորմանը»։ Նա նաև պնդել է, որ Ֆիդանի ղեկավարության շրջանում Թուրքիան «ավելի փակ և վերահսկողության վրա հիմնված» կառավարման մոդելի է անցել՝ առաջնահերթությամբ հետապնդելով արտասահմանում գտնվող ընդդիմադիրներին։

Իսրայելցի նախարարը ընդգծել է, որ Արևմուտքը պետք է զգուշանա Անկարայի քաղաքականությունից՝ Ֆիդանին ընդգրկելով Թուրքիայի «իսլամիստ ուղղվածությամբ փոփոխության առանցքային դեմքերից մեկի» շարքում։

Թուրքական կողմն այս մեղադրանքներին դեռևս չի արձագանքել։

  • Կիսվել: