ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չնայած Իդլիբում գիշերային բախումներին՝ Անկարան և Մոսկվան կփորձեն գալ ընդհանուր հայրարարի․ արաբագետ   

Չնայած Իդլիբում գիշերային բախումներին՝ Անկարան և Մոսկվան կփորձեն գալ ընդհանուր հայրարարի․ արաբագետ   

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը, վերլուծելով գիշերը սիրիական Իդլիբում տեղի ունեցած իրադարձությունները, այնուամենայնիվ կարծում է, որ դրանց հիմնական մասնակիցները Թուրքիայի և Սիրիայի կառավարական ուժերն են, իսկ ռուսական կողմը աջակցել  է Դամասկոսին լոգիստիկ ու հետախուզական տվյալներ տրամադրելով։ Նման կարծիք Գրիգորյանը հայտնեց InfoPort-ի թղթակցի հետ զրույցում։  

Հարցին, թե հնարավո՞ր է կատարվածի հետևանքով ռուս-թուրքական հակամարտությունը խորանա, Գրիգորյանը պատասխանեց. «Կանխատեսելը շատ դժվար ու անշնորհակալ գործ է, բայց ես կարծում եմ, որ այս փուլում լուրջ սրացումներ չեն լինի: Ճիշտ է, մարտեր են ընթանում, մարտի դաշտում զոհեր են գրանցվում, բայց բախումը Սիրիայի և Թուրքիայի բանակների միջև է: Ես, ամեն դեպքում, այն կարծիքին եմ, որ Թուրքիան ու Ռուսաստանը փորձում են ընդհանուր հայտարարի գալ: Այդ մասին են վկայում բազմաթիվ հանդիպումները՝ հրապարակային, ոչ հրապարակային»,- նշեց արաբագետը:

Նկատեցինք, որ Ստամբուլում ռուսական դեսպանատան դիմաց թուրքերն արդեն բողոքի ակցիա են իրականացնում, Գրիգորյանը իր հերթին պնդեց, որ այս փուլում թուրք-ռուսական սրացում չի լինի: Ավելին, նրա դիտարկմամբ, երկու երկրները փոխհամաձայնեցված գործողությունների կգնան:

Արաբագետի կարծիքով, երկու երկրները փորձում են պայմանավորվել, որ Թուրքիան Իդլիբում որոշ տարածքներ զիջի, բայց Սիրիայի այլ հատվածում, հիմնականում քրդաբնակ հատվածներում, ավելացնի իր ներկայությունը:

Դիտարկմանը, թե ըստ տարբեր աղբյուրների, Թուրքիան քննարկում է զինված լայնամասշտաբ հարձակման դիմելու հնարավորությունը, Գրիգորյանը արձագանքեց՝ պնդելով, որ Իդլիբում Թուրքիան դժվար թե գնա լայնամասշտաբ ռազմական գործողությունների, քանի որ համաչափ ուժեր այնտեղ կենտրոնացված չեն: «Բայց դա չի ենթադրում, որ պրոթուրքական խմբավորումները չեն կարող դա անել», - հավելեց նա։

Նշենք, որ Սիրիական Իդլիբ նահանգում այս գիշեր երկրի կառավարական ուժերի ու թուրքական բանակի միջև առճակատումը սրվել է, և ավիահարվածների հետևանքով առնվազն 33 թուրք զինվորական է սպանվել: Ըստ միջազգային ԶԼՄ-երի թուրքակա ԶՈՒ—ի դեմ գործողություններում մեծ դեր է կատարել ռուսական օդուժը։  Ներկայումս Թուրքիայում հայտարարված է արտակարգ դրություն, նախագահ Էրդողանը Անվտանգության Խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, երկրում գրեթե չի գործում ինտերներ-կապը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: