Սիրիան արգելել է թուրքական արտադրության 20 սննդատեսակի ներմուծումը
Սիրիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունն անժամկետ արգելել է Թուրքիայից ներմուծվող 20 սննդատեսակի մուտքը։ Արգելված ապրանքների թվում են ոչ միայն հավի միսն ու դրանից պատրաստված սննդատեսակները, այլ բոլոր թռչնաբուծական մթերքները, ինչպես նաև լոլիկը, խաղողը, ձուն, խնձորը, կարտոֆիլը, թուզը, կեռասը, պղպեղը և այլն:
Սիրիական իշխանությունների որոշումը հիմնավորվում է տեղական արտադրողների շահերի պաշտպանությամբ ու սննդի անվտանգության ապահովմամբ։ Մասնագետների գնահատմամբ՝ այս քայլը կարող է Թուրքիայի համար նշանակել զգալի արտահանման կորուստներ և ներքին շուկայում ավելցուկ, ինչը կստիպի արտադրողներին նոր շուկաներ փնտրել։
Որպես հնարավոր ուղղություններ՝ վերջիններս նշում են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները՝ հայտնում է «Էրմենիհաբերը»։ Դամասկոսի առևտրային կցորդի գրասենյակը պաշտոնապես նախազգուշացրել է թուրքական ընկերություններին՝ կոչ անելով հաշվի առնել նոր կանոնները և վերանայել իրենց առևտրային պլանները։


