Սերբիայում բողոքի ցույցերի ժամանակ վիրшվորվել է 14 ոստիկան
Սերբիայում շաբաթ գիշերը փողոցային բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է առնվազն 14 ոստիկան, իսկ անկարգությունների 42 մասնակից ձերբակալվել է, հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին չհամակարգված բողոքի ցույցերի մասնակիցների հետ բախումների հետևանքով վիրավորվել է 150 ոստիկան։ «Միայն երեկ գիշեր վիրավորվել է 14 ոստիկան», - նշել է ՆԳ նախարարը։
Դաչիչը մանրամասնել է, որ 42 մարդ տեղափոխվել է ոստիկանական բաժանմունքներ։ «Դատախազության գնահատականից կախված՝ նրանք կենթարկվեն վարչական կամ քրեական պատասխանատվության», - ընդգծել է նախարարը։
Նա հավելել է, որ վնասվել է 18 ոստիկանական մեքենա։ «Ցուցարարները նույնիսկ խլել են ոստիկաններից մեկի ծառայողական ատրճանակը», - ընդգծել է ՆԳ նախարարը։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ավելի վաղ հայտնել էր, որ երկրի ողջ տարածքում բողոքի ցույցերին մասնակցել է 9,380 մարդ, որոնցից ավելի քան 7,000-ը հավաքվել է Նովի Սադում: Նրա խոսքով՝ հենց այնտեղ են տեղի ունեցել ամենալուրջ միջադեպերը. բալակլավաներով մարդկանց մի խումբ փորձել է գրավել Փիլիսոփայության ֆակուլտետի տարածքը, սակայն ոստիկանությունը կանխել է փորձը՝ գործելով, ինչպես ընդգծել է Վուչիչը, «բացառապես պրոֆեսիոնալ կերպով»:
Մեկնաբանելով իրադարձությունները՝ Սերբիայի խորհրդարանի խոսնակ Անա Բրնաբիչը նշել է, որ եվրոպացի պաշտոնյաները ոչ միայն աջակցում են, այլև անձամբ մասնակցում են չհամակարգված բողոքի ցույցերին: Նա հատկապես նշել է Դանիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասմուս Նորդկվիստի և Հունաստանից Եվրոպական կանաչների կուսակցության համանախագահ Վուլա Ցեցիի ներկայությունը Նովի Սադում՝ նրանց հայտարարությունները անվանելով օրենքի գերակայության մասին՝ միաժամանակ աջակցելով Սերբիայում անարխիկ գործողություններին:


