Սերբիայի նախագահը Հունգարիայի իր գործըկերների հետ կքննարկի էներգետիկ անվտանգության հարցեր
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Բելգհրադում են՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ էներգետիկ անվտանգության հարցերի շուրջ բանակցություններ վարելու:
Քննարկումների կենտրոնում են ենթակառուցվածքային նախագծերի իրականացումն ու էներգետիկ անվտանգությունը՝ «հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական նշանակությունը՝ որպես տարածաշրջանի առանցքային էներգետիկ միջանցքների»:
Օրբանը նշել է, որ Հունգարիան և Սերբիան իրենց խնդիրն են համարում ապահովել «Թուրքական հոսք» գազատարի անվտանգությունը, որով գազը Ռուսաստանից հասնում է Եվրոպա: Հունգարիայի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Ուկրաինան հունվարի 1-ից դադարեցրել է ռուսական գազի տարանցումը Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներ, և «Թուրքական հոսքը» մնացել է միակ գազատարը, որն այդ տարածաշրջանին ուղղակիորեն վառելիք է մատակարարում ՌԴ-ից: