շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սենատը հավանությանն արժանացած ԱՄՆ պաշտպանության բյուջեն մոտ 900 միլիարդ դոլար է

Սենատը հավանությանն արժանացած ԱՄՆ պաշտպանության բյուջեն մոտ 900 միլիարդ դոլար է

Ավելի վաղ Կոնգրեսի ստորին պալատը` Ներկայացուցիչների տունը հաստատել էր փաստաթղթի այլ տարբերակ։

 

ԱՄՆ Սենատը, ուր մեծամասնությամբ դեմոկրատներ են, ձայների 86 կողմ և 11 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել երկրի պաշտպանանական հատկացումների մասին ակտին:

ԱՄՆ ռազմական կարիքների վերաբերյալ փաստաթղթերի ընդունումը պատճառ հանդիսացավ Ներկայացուցիչների տունը վերահսկվող հանրապետականների ու դեմոկրատների առճակատման, թե որոնք պետք է լինեն առաջնահերթությունները ռազմական նոր բյուջեում։

 

Այդուհանդերձ, Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը բարձր է գնահատել բանավեճը՝ նշելով, որ 98 ուղղումները գրեթե հավասարաչափ հեղինակել են դեմոկրատներն ու հանրապետականները։

«Պաշտպանության հատկացումների մասին ակտը և երկկուսակցական գործընթացը, որի միջով մենք անցանք, պետք է հույս տա Ամերիկայի ժողովրդին, որ երկկուսակցականությունը կենդանի է և շարունակում է գործել Սենատում»,- հայտարարել է Շումերը:

Ուշագրավ է, որ 886 միլիարդ դոլարանոց օրինագիծը սահմանափակումնր է նախատեսում ԱՄՆ ընկերությունների համար, որպեսզի նրանք չկարողանան ներդրումներ կատարել, օրինակ, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտներում գործող չինական ընկերություններում։

Փաստաթուղթը նախատեսում է զինվորականների աշխատավարձերի բարձրացում 5,2%-ով և 300 միլիոն դոլարի հատկացում Ուկրաինային` հետ մղելու ռուսական ագրեսիան։

«Այս օրինագիծը մեր ամենամեծ հնարավորությունն է՝ կարևորել մեր մրցակցությունն այնպիսի հակառակորդների հետ, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը։ Սա մեր հնարավորությունն է՝ Բայդենի վարչակազմի ուշադրության կենտրոնում պահելու այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսին Ամերիկայի ռազմաարդյունաբերական համալիրի վերակառուցումն է»,- ասված է Սենատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ ՄըքՔոնելի հայտարարությունում:

Սենատը, սակայն, մերժել է մի քանի առաջարկներ, որոնք նախապես ստացել էին երկու կուսակցությունների աջակցությունը։

Մասնավորապես, հավանություն չի ստացել դեմոկրատ սենատոր Էմի Կլոբուչարի նախաձեռնությունը՝ ԱՄՆ-ում բնակության թույլտվություն տրամադրել 80 հազար աֆղանցիների, ովքեր տեղափոխվել են Միացյալ Նահանգներ` Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո։

Ձախողվել է նաև Ուկրաինային տրամադրվող օգնության հարցերով գլխավոր տեսուչի պաշտոն ստեղծելու հանրապետականների փորձը։ Ընդ որում, ամերիկյան որոշ պետական գերատեսչություններում արդեն կան օգնության համար պատասխանատու գլխավոր տեսուչների պաշտոններ:

«Ամերիկյան ժողովուրդն արժանի է, որ յուրաքանչյուր դոլարը հաշվվի, և այս ուղղումը կուժեղացնի մեր երկարամյա ջանքերը` թափանցիկ վերահսկողություն ապահովել Ուկրաինային ցուցաբերվող ԱՄՆ օգնության բոլոր կողմերի վրա», – հայտարարել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական անդամ Ջիմ Ռիշը:

Այս ամսվա սկզբին Ներկայացուցիչների տունը 219 կողմ և 210 դեմ ձայների նվազագույն տարբերությամբ ընդունեց ԱՄՆ պաշտպանական բյուջեի իր տարբերակը:

Փաստաթուղթը պարունակում է մի շարք ուշագրավ դրույթներ, օրինակ՝ արգելում է հղիության արհեստական ընդհատման ֆինանսավորումը այն զինվորականների համար, ովքեր ցանկանում են այդ անել տեղակայման նահանգից դուրս: Օրինագիծը նախատեսում է տրանսգենդեր զինվորականների առողջապահական ծախսերի կրճատում:

Այժմ Սենատը ու Ներկայացուցիչների տունը պետք է մշակեն օրնագծի նոր տարբերակ, որն ընդունելի կլինի երկու պալատների համար, ուստի` կներկայացվի նախագահ Ջո Բայդենի ստորագրմանը:

Մինչև սեպտեմբերի կեսեր Կոնգրեսի երկու պալատներն արձակուրդի մեջ են:

  • Կիսվել: